Միջազգային ընտանիքը դեռեւս առիթներ կունենա պարզելու Ադրբեջանի հանցագործ դիմագիծը. Շահան Գանտահարյան


22:25 , 27 մայիս, 2020

Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում իրավաչափ է հատկապես այն ընդգծումը, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի մի շարք կետեր։ ՄԻԵԴ-ի վճռի նշանակության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց Բեյրութի «Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նա նկատեց, սակայն, որ բացարձակի մեջ զուտ իրավականությունը տեսություն է, եւ այն անպայման քաղաքական ենթատեքստեր է ներառում։ «Այս դեպքում աշխարհաքաղաքական օրակարգերում Բաքվի ներառումը թուրքական ուղղություններին կնախանշի հակազդեցություններ։ Իսկ այս առումով ՄԻԵԴ-Ի վճռի պահը կարող է մեկնաբանվել այս պարունակում։ ՄԻԵԴ-ը իրավականորեն դժվար թե արդարացներ Սաֆարովի ոճրագործությունը։ Խնդիրը վճռի կայացման պահի քաղաքական ընկալումն է»,- ընդգծեց «Ազդակ»-ի խմբագիրը՝ հավելելով, թե նշված փաստը  հուշում է, որ հայկական կողմը թե՛ իբրեւ պետականություն եւ թե՛ իբրեւ հասարակական կազմակերպություններ հետեւողականորեն պիտի շարունակի Բաքվի ռազմական հանցագործության տվյալների միջազգայնացման աշխատանքը։