Արարատ Միրզոյանը որոշել է, անիմաստ պատիժներ կիրառելով, դայակություն անել նիստերի դահլիճում


15:34 , 27 մայիս, 2020

Այն սուտը, որ Լուսավոր Հայաստանը արշավ է սկսել դիմակ կրելու դեմ, իշխանությունը շարունակում է ձնագնդի սարքել:

Չնայած զարմանալու բան․ չկա օրեցօր պարզվում է, որ այս իշխանությունների մոտ ամեն բան ստի վրա է կառուցված։

Մենք դիմակ կրելու դեմ որևէ խոսք չենք ասել:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ դիմակ չկրելու դեպքում կհեռացվեք նիստերի դահլիճից, այն էլ` անհրաժեշտության դեպքում մի քանի օր:

Պարոն Միրզոյանին բարեկամաբար հիշեցրել ենք, որ ինքը նման իրավասություն չունի և չի կարող որևէ պատգամավորի արգելել մասնակցելու նիստերին, որովհետև՝

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 7֊րդ հոդվածի 3֊րդ կետը ասում է.

3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը:

Սահմանադրաիրավական դասից հետո Արարատ Միրզոյանն ինքն էլ ընդունել է, որ, այո՛, իրավական խնդիր կա, բայց նշել է, որ ամեն դեպքում ինքը այդպես է վարվելու։

Ըստ այդմ, Արարատ Միրզոյանը որոշել է անիմաստ պատիժներ կիրառելով դայակություն անել նիստերի դահլիճում, սակայն մոռանալով, որ ԱԺ-ն դայակության վայր չէ, և ինքն էլ նման իրավասություններով օժտված չէ։

Այսպիսով, գործող իշխանությանը ներկայացնող ԱԺ նախագահն ամեն բան անում է, որ անհնար լինի ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը խորհրդարանի նստաշրջանների աշխատանքին:

Ես դիմակ եմ կրում սոցիալական պատասխանատվության գիտակցումով, բայց եթե դա աշխատանքի ընթացքում ինձ համար ստեղծում է առողջական անհարմարություններ և խնդիրներ, ես կարող եմ դա չկրել, և ոչ ոք իրավասու չէ ինձ արգելել մասնակցել ԱԺ նիստերին, նախագծի քննարկումներին, տալ հարցեր և ունենալ ելույթներ։