Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով արտակարգ դրության ավարտից հետո կչեղարկել հանրաքվեն


12:22 , 27 մայիս, 2020

168.am-ը գրում է․

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

«Օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ՝ այն է, որ արտակարգ կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, օրենքը չի նշում»,- ասաց Հովակիմյանը:

Պատգամավորը նշեց, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա:

Վահագն Հովակիմյանը հավելեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ի ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ժամկետով:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով: