Գազի միասնական սակագնի մասին հռետորաբանությամբ մենք մեզ փակուղի ենք տանում. Վահե Դավթյան


20:49 , 23 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանի խոսքով՝ հստակ է, որ Եվրասիական տնտեսական միության օրակարգում 2016-ից ի վեր, երբ հաստատվեց ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հայեցակարգը և 2018 թ.՝ ծրագիրը, գազի միասնական սակագնի հարցը ներառված չի եղել, հիմա էլ նման հարց չկա:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի տարանցման միասնական սակագնի  մասին հայտարարությունից հետո հնչած քննարկումներին:

«Ես նման դրույթի հայեցակարգում չեմ հանդիպել, իսկ այն ես բավականին լավ ուսումնասիրել եմ: Խոսքը բացառապես գազի տարանցման սակագների գոյացման ընդհանուր սկզբունքների ու մեթոդաբանության մշակման մասին է, ինչը չի նշանակում, որ պարտադիր պետք է միասնական սակագին գործի: Առավել ևս, որ ծրագրում հստակ նշվում է ենթակառուցվածքային սահմանափակման խնդրի մասին, որն առավելապես վերաբերում է Հայաստանին:

Մեր գազատրանսպորտային ենթակառուցվածքները կապված են ԵԱՏՄ ենթակառուցվածքների հետ Վրաստանի միջոցով, ու այդ տարանցիկային բաղադրիչը չի կարող հաշվի չառնվել գնագոյացման ժամանակ:  Եթե ծրագրում լիներ դրույթ միասնական սակագնի մասին,  ապա առնվազն ԵԱՏՄ առաջնորդների վերջին քննարկման ժամանակ Պուտինը հղում չէր անի այն մի շարք խնդիրներին, որ կան ԵԱՏՄ-ում և որոնք խոչընդոտում են միասնական սակագնի ձևավորմանը: Խոսքը ընդհանուր հարկային համակարգի և ընդհանուր բյուջեի մասին է: Դրանք այն չափորոշիչներն են, որոնք կարող են բնութագրել 1999 թվականին Մինսկի և Մոսկվայի միջև կնքված Դաշնային պետության համաձայնության առանձին դրույթները: ԵԱՏՄ-ի շրջանակներում միասնական գազի սակագնի մասին առայժմ ոչ մի ծրագիր չկա»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ