Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները


21:00 , 23 մայիս, 2020

Ծխելը մոլորակի վրա ամենատարածված վատ սովորություններից մեկն է, չնայած այն բանին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է պայքարել այդ երևույթի դեմ՝ ծխախոտի գովազդն արգելելուց սկսելով մինչև դրանց տուփերի վրա սարսափելի գրություններ ու պատկերներ տպելու պարտադրանքը:

Հնարավոր չէ հերքել, որ ծխախոտը առողջության համար ոչ մի դրական ազդեցություն չունի: Այնուամենայնիվ, ըստ վիճակագրության՝ Երկիր մոլորակի վրա ծխում է ավելի քան մեկ միլիարդ մարդ: Եվ եթե զարգացած երկրներում ծխողների թիվը ստաբիլ է կամ անգամ նվազում է, ապա զարգացող երկրներում այդ թիվը միայն մեծ աճ է գրանցում:

Օրինակ՝ Ռուսաստանում, ըստ ԱՀԿ-ի տվյալների, 2020 թ. դրությամբ ծխում է տղամարդկանց 56,8%-ը և կանանց 23,4%-ը (20 տարի առաջ՝ 2000 թ., այդ թվերը համապատասխանաբար 67,2% և 21,8 % էին): 2025 թ. ծխող տղամարդկանց թվաքանակը կնվազի՝ հասնելով 54,6%-ի, իսկ կանանցը, ընդհակառակը, կավելանա՝ հասնելով 24%-ի: Այս տվյալները ներառում են ծխելու բոլոր տեսակները՝ վեյփեր, էլեկտրոնային ծխախոտներ, կալյաններ, հասարակ ծխախոտներ:

Չեխ քարտեզագիր Յակուվ Մարիանը կազմել է այս երևույթի կապակցությամբ եվրոպական երկրների քարտեզ, որի վրա ցույց է տալիս, թե մեկ օրում քանի ծխախոտ են ծպում Եվրոպայի տարբեր պետությունների քաղաքացիները: Յակուբն իր ուսումնասիրության համար որպես աղբյուրներ է վերցրել ԱՀԿ-ից, ծխելու վերաբերյալ միջազգային Tobacco Atlas կայքից, Համաշխարհային բանկից ստացված տվյալներ:

Պարզվում է՝ ամենից քիչ ծխում են նորվեգացիները՝ օրական ընդամենը 7 ծխախոտ: Երկրորդ հորիզոնականում Լատվիան է՝ օրական 9 ծխախոտով: Լատվիային հաջորդում է, որքան էլ տարօրինակ կհնչի, Ֆրանսիան, որի բնակիչները ծխում են օրական 11 ծխախոտ:

Ռեյտինգի հակառակ ծայրում Բելառուսն ու Սլովենիան են, որտեղ մարդիկ օրական 30 ծխախոտ են ծխում, ապա՝ Բելգիան՝ 29 ծխախոտ, Ալբանիան՝ 24 ծխախոտ: