Երբ իշխանության խոսքն ու գործը չեն համապատասխանում իրար


17:21 , 22 մայիս, 2020

Որպեսզի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչման, առնվազն անհրաժեշտ էր, որ այս մտքի հեղինակը մեկ տարի առաջ Ստեփանակերտում չհայտարարեր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», միտք, որը կրկնեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր երդմնակալության արարողության ժամանակ:

Առնվազն անհրաժեշտ էր, որ Նիկոլ Փաշինյանը չհայտարարեր, որ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասնակիցների մեջ կային ուժեր և թեկնածուներ, որոնք իրենց աներկբա և միանշանակ աջակցությունն ու լոյալությունն են հայտնել Հայաստանի ժողովրդական կառավարությանը:

Եվ ընդհանրապես, վարչապետի ելույթը չպետք է լիներ Հայաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին…

Ընդ որում, իշխանության խոսքն ու գործը չեն համապատասխանում ոչ միայն Արցախյան կարգավորման համատեքստում:

Երեկ ականատես եղանք այս գործելաոճի մեկ այլ դրսևորման ևս: Նիկոլ Փաշինյանը դժգոհում է համավարակի դեմ պայքարում քաղաքացիների անպատասխանատու վերաբերմունքից, միաժամանակ առանց դիմակի, առանց սոցիալական հեռավարություն պահելու մասնակցում է բազմամարդ միջոցառման…