Ամիսը 2 գործուղում, 29 քաղաք եւ 387.000 դոլար. ԱԺ նախագահի պատվիրակությունների շրջագայությունները


15:06 , 22 մայիս, 2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և վերջինիս ուղեկցող պատվիրակության կազմի գործուղումների վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակազմից Yerkir.am-ին  տրված գրավոր տեղեկանքի ուսումնասիրությունից պարզվում է հետևյալը.

• Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից և Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց (2019 թ. հունվարի 14) մինչև 2020 թ. մարտի առաջին կեսը (14 ամիս) կամ համավարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության հաստատումը և գործուղումների դադարեցումը Արարատ Միրզոյանն ունեցել է 24 գործուղում կամ ամսական մոտ 2 գործուղում,

• 24 գործուղումների ընթացքում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է 29 քաղաք,

• ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների մասնակից անձանց միջին թվաքանակը կազմել է 12 անձ,

• ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների գիշերավարձի համար պետական բյուջեից վճարվել է 35.627.405 ՀՀ դրամ,

• ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների ավիատոմսերի համար պետական բյուջեից վճարվել է 76.270.771 ՀՀ դրամ,

• ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների ներկայացուցչական ծախսերի համար պետական բյուջեից վճարվել է 12.745.706 ՀՀ դրամ,

• ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների օրապահիկի ծախսերի համար պետական բյուջեից վճարվել է 59.993.050 ՀՀ դրամ:

Ի դեպ, գործուղումների ամսաթվերը և յուրաքանչյուր գործուղման օրերի քանակը «գաղտնի» են պահել, և ԱԺ տեղեկանքում չկա այդ մասին նշված, իսկ օրապահիկի ծախսերի մասին տեղեկությունների մասով մատնացույց է արված ՀՀ կառավարության 2005 թ. որոշումը։ Ըստ այդմ՝ մեր կողմից գործուղումների ամսաթվերը և օրերի քանակը ճշգրտվել է համապատասխան կարգադրությունների օգնությամբ։ Կառավարության 2005 թ. որոշման համաձայն հաշվարկել ենք նաև օրապահիկի ծախսերի չափերը և հանրագումարի բերել։ 

Ընդհանրացնելով՝ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների համար պետական բյուջեից ընդամենը վճարվել է 184.636.932 ՀՀ դրամ կամ շուրջ 387.000 ԱՄՆ դոլար:

Ելնելով վերոբերյալ թվային պատկերից՝ փաստենք, որ Արարատ Միրզոյանին ուղեկցող պատվիրակության միջին թիվը (12), համեմատած նախորդ իշխանությունների հետ, որոշ դեպքերում շատ է, որոշ դեպքերում՝ քիչ, և այժմ չենք ուզում կենտրոնանալ դրա վրա: