Այսօր Շառլ Ազնավուրը կդառնար 96 տարեկան. «Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է» (Photo)


19:30 , 22 մայիս, 2020
Կենսագրություն

Շառլ Ազնավուրը ֆրանսիական շանսոնի լեգենդար երգիչ, կոմպոզիտոր և դերասան է: Նա ավելի քան 1300 ստեղծագործություն ունի, իսկ ամբողջ աշխարում վաճառել է շուրջ 200 մլն օրինակ սկավառակ: Time ամսագրի ընթերցողների և CNN հեռուստադիտողների հարցման համաձայն, որը կատարվել է 1998 թ.-ին, երգիչը գրավել է առաջին տեղը 20-րդ դարի լավագույն փոփ արտիստների շարքում:

Շահնուր Վաղինակ Ազնավուր. այսպես է նրա իրական անունը: Արտիստը ծնվել է 1924 թվականին Փարիզում, վրացահայկական ընտանիքում, ովքեր Վրաստանից էին գաղթել: Հայրը Ախալցխայից էր, իսկ մայրը ծնվել է հայկական ընտանիքում, ովքեր ապրել են Թուրքիայում: 

1920-ականներին Ազնավուրյանների ընտանիքը հեռացել է Ռուսաստանից: Վերջնական հանգրվանը Ամերիկան պետք է լիներ: Փարիզում նրանք մնացել էին մուտքի արտոնագիր ստանալու համար: Զույգն այնքան էր հավանել Ֆրանսիան, որ որոշեց այնտեղ էլ բնակվել: Շուտով ծնվեց Շահնուր Վաղինակը: Նա նրանց ընտանիքի երկրորդ երեխան է, իսկ առաջինը Աիդան էր: 

Ապագա երաժիշտը, կոմպոզիտորը և դերասանը ապրում և մեծանում էր ստեղծագործ ընտանիքում: Երկու ծնողներն էլ արտիստներ էին: Մայրը փարիզյան մի քանի բեմերում է հանդես եկել, իսկ հայրը երգել է օպերաներում: 5 տարեկանում Շառլն արդեն բեմ է բարձրացել: Այդ ժամանակ նա ջութակ էր նվագում:

Ընտանիքը համեստ էր ապրում: Արվեստը հոգու հանգստություն էր նրանց համար, սակայն ոչ սնունդ, այդ պատճառով էլ Ազնավուրյանների ընտանիքը փոքրիկ ռեստորան ուներ, և այնտեղ աշխատում էին տան բոլոր անդամները: Սակայն 1930-ականներին ճգնաժամ սկսվեց, և նրանք ստիպված էին փակել ռեստորանը:

Շառլը շատ արագ հասկացավ, որ իր ապագան կապված է լինելու արվեստի հետ, դրա համար էլ սկսեց սովորել մանկական թատերական դպրոցում: Տղան սկսեց դերեր խաղալ թատրոնում, իսկ հետո՝ կինոյում, որպեսզի օգնի ծնողներին ծայրը ծայրին հասցնել: Բեմում «փոքրիկ հայը», ինչպես նրան անվանում էին ընկերները, խաղում էր երիտասարդ Հենրի IV-ի դերը: Էկրանին Ազնավուրը հայտնվեց մի քանի ֆիլմերի դրվագներում, երբ դեռ 12 տարեկան էր:

Երաժշտություն

Երաժշտական կարիերայի սկիզբը կարելի է համարել 1940-ականներից: Այդ ընթացքում կայացավ իր կոլեգայի՝ Պիեր Ռոշեի հետ հանդիպումը: Ինչպես Շառլը, Պիերը ևս երիտասարդ երաժիշտ-կոմպոզիտոր էր, ով դաշնամուր էր նվագում: Դուետը անվանեցին «Ռոշ և Ազնավուր»: Նրանք միասին հանդես էին գալիս Ֆրանսիայի և հարևան Բելգիայի ակումբներում: Հիմնականում երգում էր Ռոշը, իսկ Ազնավուրի ձայնը ոչ բոլորին էր հաճելի: Շառլը հիմնականում երաժշտությունն ու երգի բառերն էր գրում:

1946 թվականին տաղանդներին ուշադրություն դարձրեց հայտնի Էդիթ Պիաֆը: Վերջինս սկսնակներին հրավիրեց իր հետ ԱՄՆ շրջագայության: Այդ շրջագայությունից հետ Շառլը և իր գործընկերը հայտնի դարձան:

Անձնական կյանք

Լեգենդար շանսոնյեն պաշտոնապես 3 անգամ ամուսնացած է եղել: Առաջին անգամ ամուսնացել է 21 տարեկանում: Կինը՝ Միշելին Ռյուգելը, 17 տարեկան էր: Հետագայում արտիստն այդ ամուսնությունը, ինչպես և երկրորդը, անվանում է երիտասարդության սխալ: Միշելինի հետ համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են աղջիկ: Անվանել են Սեդա: 5 տարի անց ամուսիններն ամուսնալուծվեցին: Աղջկա և հոր հարաբերությունները լավ էին: 

Առեղծվածային է նրա որդու ծնունդը: Նա նույնպես ծնվել է Միշելինի հետ համատեղ կյանքի ընթացքում, սակայն նրա մասին երգիչը լռում էր: 

Երկրորդ ամուսնությունը՝ Էվելինա Պլեսիսի հետ, ավելի կարճ տևեց, քան առաջինը: Երեխաներ չունեցան, ինչն էլ ամուսնալուծության պատճառ դարձավ: 

Երկրորդ և երրորդ ամուսնությունների միջև ընկած ժամանակահատվածում Ազնավուրը կարճատև սիրավեպ է ունեցել: Բաժանումից անմիջապես հետո կինը խոստովանել է, որ երեխայի է սպասում: Իր որդու՝ Պատրիկի ծնունդից հետո նա ամուսնացավ: Մի քանի տարի անց ամուսնությունը փլուզվեց, և Շառլը, մոր հետ պայմանավորվելով, Պատրիկին տարավ իր ընտանիք: Այնուհետև Ազնավուրն արդեն ամուսնացած էր իր երրորդ կնոջ`շվեդ Ուլա Թոփսելի հետ: Նրանք ամուսնացան 1967 թ.։ Այս ամուսնությունից երեք երեխա է ծնվել՝ դուստր Կատյան և որդիներ Միշան և Նիկոլասը:

Շառլ Ազնավուրի անձնական կյանքը երրորդ կնոջ՝ Ուլայի հետ, պարզվեց, իսկապես երջանիկ էր: Զույգը միասին ապրել է ավելի քան կես դար: Այժմ երգչի այրին ապրում է Շվեյցարիայի լճի փոքրիկ տանը: Ազնավուրի երեխաների ճակատագիրը զարգացել է տարբեր կերպ: Սեդան, ով նախկինում երգչուհի է եղել, ապրում է Կալիֆոռնիայում: Նիկոլասը նյարդաբան է, ապրում է Ֆրանսիայում: Գրող և երաժիշտ Միշան մի ժամանակ ապրում էր Ռուսաստանում, բայց հետագայում վերադարձավ Փարիզ: Հոր հետքերով գնաց կրտսեր դուստրը՝ Կատյան. նա, ինչպես իր ավագ եղբայրն ու քույրը, տարվեց երաժշտությամբ:

Ահա այսպիսին է եղել աշխարհահռչակ հայ երաժշտի կյանքը: