«Առավոտ». Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը պետք է արվի օր առաջ. Լարիսա Ալավերդյան


08:28 , 20 հուլիս, 2013

«Առավոտ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը aravot.am–ի հետ զրույցում անդրադառնալով Հրաչյա Հարությունյանի դեպքին և պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է անեինք մենք, որ չարեցինք նրան օգնելու համար, բացի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի Մոսկվա կատարած այցից, ասաց. «Միայն դա չէ։ Որքանով ես տեղյակ եմ, իրեն այցելեցին մեր դեսպանատան ներկայացուցիչները, դեսպանը հանդիպեց իրենց արտգործնախարարի հետ, դեսպանը խոսեց և այլն։ Պետք է նշանակության չտալ Կարեն Անդրեասյանի նամակին, այսպիսի վիճակում այդ անձնավորության համար մեկ այցելությունը, մեկ լուրը արժե մի կյանք։ Իսկ հիմա, ես կարծում եմ, Հրաչյա Հարությունյանի պաշտպանության խնդիր է դրված»։

Արժե՞ արդյոք, որ Հարությունյանի ընտանիքը մեկնի Մոսկվա. «Կարծում եմ՝ մեկ հոգի գնա, հասկանալի է, բայց ընտանյոք հանդերձ գնալը շատ զգացմունքային է, մեկ է՝ իրենք ոչինչ չեն կարողանալու անել, բացի այդ, հիմա նրա վիճակը լավ է, Ես այստեղ կարևորում եմ, թե ինչպես կընթանա դատավարությունը»։ Մեր հաջորդ հարցին էլ՝ կհաջողվի՞ նրան տեղափոխել Հայաստան, թե՞ ոչ, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ես այսօր կարդացի, որ տեղափոխումը հնարավոր է միայն դատավճռից հետո, այդպիսի դեպքերում, պրակտիկան դա է ցույց տալիս, դատավարությունը պետք է անցկացվի այնտեղ, որտեղ դեպքը կատարվել է, բայց ընդհանուր առմամբ արտահանձնումը տեղափոխումն է հենց դատական գործընթացի ժամանակ, և ես կարծում եմ, որ դա պետք է արվի օր առաջ։ Այ, սրա վրա պետք է ուշադրության դարձնել։ Բացի այդ, համոզված եմ՝ մեծ է դերը մեր հայ համայնքի, լավ կլիներ, որ Ռուսաստանի հայերի միությանը և համայնքը ավելի շատ ուշադրության դարձնեին տուժածների վրա։ Իսկ այն անպատկառ լրագրողը մեզ դրեց լրիվ մի ուրիշ վիճակի մեջ, բոլորս լարվեցինք...»»,–գրում է թերթը։