«168 ժամ». Դեսպանատներին խնդրել-հորդորել են՝ շենգենյան մուտքի արտոնագրեր չտրամադրել Թբիլիսիից ավիատոմսեր գնած քաղաքացիներին


08:23 , 20 հուլիս, 2013

«168 ժամ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիները գերադասում են արտերկիր մեկնել Թբիլիսիից, քանի որ Վրաստանից բոլոր ուղղություններով ավիատոմսերը զգալիորեն էժան են Երևանից իրականացվող թռիչքների տոմսերից։ Պարզվում է՝ մեր իշխանությունները գտել են նաև այդ երևույթի դեմ պայքարելու ճանապարհը։ Ավիափոխադրումների արժեքի էժանացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ կառավարությունում ավելի հեշտ ձև են գտել պարզապես ներքին կարգով խնդրել-հորդորել են, մասնավորապես, Եվրամիության երկրների դեսպանատներին՝ շենգենյան մուտքի արտոնագրեր չտրամադրել այն քաղաքացիներին, ովքեր ներկայացնում են Թբիլիսիից մեկնելու ավիատոմսեր»,– գրում է թերթը։

Թերթը նաև անդրադարձել է ավիատոմսերի գների համեմատությանը Թիֆլիսում և Երևանում։ «Մենք փորձեցինք պարզել նաև Երևան-Հռոմ և Թբիլիսի-Հռոմ ավիատոմսերի արժեքը։ e-toms.info կայքի տվյալներով՝ օգոստոսի 3-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունն ունի Երևան-Հռոմ թռիչքը, ըստ նույն աղբյուրի՝ Էկոնոմ տեսակի ավիատոմսը երեկ ժամը 18:40-ի դրությամբ արժեր 496.42 ամերիկյան դոլար։ Մեկ այլ ավիափոխադրող ընկերության «S7 Airlines»–ի նույն էկոնոմ կարգի ավիատոմսն արժե 589.97 դոլար։

Միևնույն ժամի դրությամբ աղբյուրում ներկայացված տվյալների համաձայն՝ օգոստոսի 2-ին Թբիլիսի-Հռոմ ավիատոմսն արժեր 309.74 ԱՄՆ դոլար։ Մեկ այլ՝ «LOT polish airlines» ավիափոխադրող ընկերությունը տոմսն առաջարկում է 418.98 դոլարով»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։