ԱՄՆ դատարանն առաջին անգամ թույլ է տվել կտրել Titanic-ը՝ հին հեռագրական սարքը հանելու համար


08:37 , 22 մայիս, 2020

Վիրջինիայի դատարանը պատմության մեջ առաջին անգամ թույլ է տվել կտրել բրիտանական Titanic-ի մնացորդները, որը 108 տարի առաջ խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում, որպեսզի մասնագետները հնարավորություն ստանան հանելու Marconi ֆիրմայի հին հեռագրական սարքը: Այս մասին երեքշաբթի հաղորդել է The Washington Post- ը:

Marconi անլար հեռագրական սարքն օգտագործվում էր հարևան նավերի հետ շփվելու և աղետի ազդանշան ուղարկելու համար: Դատարանի որոշումը բացում է «եզակի հնարավորություն՝ ձեռք բերելու նավի կորստից հետո մնացած այն ժառանգության մի մասը հանդիսացող արտեֆակտը»:

Այնուամենայնիվ, RMS Titanic-ը, որն ունի նավաբեկության վայրից իրեր բարձրացնելու բացառիկ իրավունքներ, «դեռևս չի ստացել դատական մարմինների ըհավանություն ֆինանսավորման ծրագրի վերաբերյալ, ինչն ավելի է բարդանում կորոնավիրուսի տարածման պայմաններում», – ասվում է թերթում:

Սպասվում է, որ ստորջրյա ռոբոտներով հետազոտությունը կարող է սկսվել այս ամառ: «Եթե հեռագրական սարքը հնարավոր լինի ձեռք բերել, կա հավանականություն, որ այն հնարավոր կլինի վերականգնել: Titanic-ի ձայնը կրկին կարող է լսվել»,-նշել են ընկերությունից:

RMS Titanic-ի ծրագրերին ընդդիմացել է օվկիանոսի և մթնոլորտային հետազոտությունների ազգային գործակալությունը, որն իրավասու է պաշտպանելու խորտակված նավերը: Ըստ ամերիկյան գործակալության ներկայացուցիչների՝ ջրի տակ անցած Titanic-ը պետք է ընկալվի որպես գերեզման և ոչ թե որպես թանգարանային նմուշ: