Փարիզի հայտնի հայկական ռեստորաններն ու սրճարանները


22:45 , 21 մայիս, 2020

Փարիզի հայկական սրճարաններն ու ռեստորանները տեղի գուրմանների ամենասիրելի վայրերից են: Դրանց հյուընկալությունը, հարմարավետությունը և, որ ամենակարևորն է, անչափ համեղ ուտեստների մատուցումն այդ ռեստորաններն ու սրճարանները յուրահատուկ են դարձնում: Ահա թե որոնք են Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենահայտնի հայկական ռեստորաններն ու սրճարանները, որոնց ցանկը, իհարկե, սպառիչ չէ:

«Les Diamantaires»/60 rue la Fayette  

Հայկական այս հաստատությունը, որը գտնվում է Փարիզի սրտում՝ Գրանյե օպերայի հարևանությամբ, կոչվում է «Les Diamantaires»: Ռեստորանը բացվել է 1929 թ. հայ վաճառականի կողմից 60 rue la Fayette հասցեում: Նախկինում այդ փողոցում տեղակայված էին փոքրիկ ոսկերչական կետեր, որտեղ, որպես կանոն, աշխատում էին հայերը: Ռեստորանի հիմնումից անցել է 91 տարի, և այսօր «Les Diamantaires»-ը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «ադամանդներ», նախկինի պես շարունակում է այցելուներին հիացնել իր հայկական, հունական ու լիբանանյան խոհանոցներով: Ռեստորանի մենյուն հարուստ է մսային և ձկնային դելիկատեսներով, աղցաններով, սոուսներով, աղանդերներով, մրգերից և խոտաբույսերից պատրաստված ըմպելիքներով: Ինչ վերաբերում է ինտերիերին, ապա այն ամբողջապես արևելյան ոճ ունի, իսկ մթնոլորտը սիրալիր է, մշտապես հնչում է կենդանի երաժշտություն: «Les Diamantaires» ռեստորանի պատվավոր այցելուներից են եղել Սերժ Ավետիքյանը, Օմար Շարիֆը, Յուրի Ջորկայեֆը, Աստրիդ և Ալան Պրոստերը, Անդրե Մանուկյանը, Պիեռ Ռիշարը, Սիմոն Աբգարյանը, Կորին Լեպաժն ու Շառլ Ազնավուրը:

 

«Chez Vartan»/52 bd St Germain

Եվս մեկ հայտնի ու սիրված հայկական հաստատություն գտնվում է Փարիզի 52 bd St Germain հասցեում: «Chez Vartan» սրճարանն անվանվել է ի պատիվ իր հիմնադրի: Սրճարանի ֆիրմային ուտեստներն են տարբեր միջուկներով բլիթները, ինչպես նաև մենյուում կան ֆրանսիական մակարոններ, կրուասաններ, սև, կաթնային, բելգիական սպիտակ և ավստրիական շոկոլադներով վաֆլե տորթեր: Իսկ համեղ սուրճի ու թեյի մասին խոսք գնալ չի կարող: Ինչ վերաբերում է դիզայնին, ապա, ի տարբերություն «Les Diamantaires» ռեստորանի, «Chez Vartan» սրճարանը բավականին համեստ տեսք ունի: Ինտերիերն ունի ժամանակկաից ու հանգիստ տոներ:

 

«Petrossian»/ 144 Rue de l Université

Փարիզի գուրմանների ամենասիրելի վայրերից մեկը՝ «Petrossian»-ը, գտնվում է 144 Rue de l Université հասցեում: Հենց այստեղ կարող եք փորձել կոնյակով կամ օղիով շոկոլադե դրաժեներ, նրբահամ իշխան, սիգ, խեցգետին, ձկնկիթի տարբեր տեսակներ: Ներկայումս «Petrossian» ձկնկիթի կայսրության, բուտիկների ու ռեստորանների սեփականատերերը Արմեն Պետրոսյանն ու քույրն են՝ Սեսիլ Պետրոսյանը: Հաստատության առաջին հարկում գտնվում է բուտիկ, որտեղ մետաղական տարաներով համեղ ձկնկիթ կգտնեք, ինչպես նաև ձկնկիթ ուտելու համար նախատեսված արծաթյա գդալներ, Հայաստանի բերված չորացրած թեյեր ու բույսեր: Երկրորդ հարկում էլիտար ռեստորանն է, որը Միշլենյան պատվավոր աստղի է արժանացել: Հարկ է նշել, որ խոհանոցը ֆրանսիական է: