«Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել. Ամբողջ անձնակազմը կթեստավորվի ձեռնարկության միջոցներով


16:07 , 20 մայիս, 2020

Pastinfo.am-ը գրում է․

«Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանը։

Տնօրենը նշեց, որ պատրաստվում են ամբողջ անձնակազմին թեստավորել. «Ինքներս մեր միջոցներով բոլորին կթեստավորենք։ Կապ չունի կոնտակտավոր են, թե ոչ։ Բոլորին թեստավորելու ենք, որ ասիմպտոմ դեպքեր հանկարծ չունենանք»,-ասաց Միքայել Եզեկյանը։

Այս պահի դրությամբ տնօրենի ցուցումով դադարեցվել է արտադրամասի գործունեությունը։ Աշխատակիցներին հորդորել են 2-3 օր մնալ տանը։ Այդ ընթացքում «Տավուշ տեքստիլ»-ի միջոցներով բոլորը կթեստավորվեն. «Նրանք, որոնց մոտ բացասական կլինեն պատասխանները, կաշխատեն, ով էլ Աստված չանի ինչ-որ խնդիր կունենա, կմեկուսանա, կբուժվի։ Կարծում եմ նրանց 99 տոկոսը ոչ մի խնդիր չունի, ուղղակի ապահովության համար ենք անում»,-ասաց տնօրենը։

Հարցին վարակակիրների մեջ թիրախային խմբում գտնվող անձինք կա՞ն, Միքայել Եզեկյանը բացասական պատասխան տվեց ու հավելեց, որ իրենց աշխատակիցների միջին տարիքը 30 տարեկանն է, բարձր տարիքի աշխատողները քիչ են։