Մինչ այժմ առանց հասկանալի պատճառների սահմանափակված է քաղաքացիների ազատության իրավունքը․ փաստաբան


13:40 , 20 մայիս, 2020

Գտնվում եմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում, որտեղ բերման են ենթարկվել «Ադեկվադ» միաբանության 12 անդամներ։ Վերջիններիս նկատմամբ կատարվել է վարչական ձերբակալում ժամը 12.15-ից։ Ըստ վարույթ իրականացնող մարմնի՝ քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին, մասնավորապես՝ չեն պահպանել սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները։

Այնուամենայնիվ, ներկայացված չէ, թե ինչ է ենթադրում նշված կանոնների չպահպանումը, ինչով է հավաստվում սոցիալական հեռավորության չպահպանելը, ինչու չեն նախազգուշացվել նշված կանոնների էության վերաբերյալ և հնարավորություն չի տրվել սոցիալական հեռավորության կանոններին համապատասխան շարունակել փողոցում գտնվելը, դրա փոխարեն քաղաքացիները անմիջապես զրկվել են ազատությունից, և մինչ այժմ առանց հասկանալի պատճառների սահմանափակված է քաղաքացիների ազատության իրավունքը։