Իշխանությունները քիչ առաջ տվեցին հանրությանը հուզող այն հարցի պատասխանը, թե ինչու էր պետք պահպանել արտակարգ դրություն


12:49 , 20 մայիս, 2020

Իշխանությունները քիչ առաջ տվեցին հանրությանը հուզող այն հարցի պատասխանը, թե ինչու էր պետք պահպանել արտակարգ դրություն, երբ գրեթե բոլոր սահմանափակումները հանվել են։ Որպեսզի հնարավոր լինի զսպել ընդդիմության քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը։ Որ մարդիկ լռեն, չբողոքեն, ցույցեր չանեն, անգամ չաջակցեն շատ կասկածելի պատրվակով քրեական ոստիկանություն կանչվող իրենց գործընկերներին։ Այ դրա համար է պետք արտակարգ դրությունն այս իշխանություններին։

Քիչ առաջ «Ադեկվադ» միաբանության մոտ 20 անդամներ բերման ենթարկվեցին։ Ոստիկաններն անգամ խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը։ Եվ սա իրավական ամենաթողության հերթական ապացույցներից է։ Իշխանությունը ջանասիրաբար և հետևողական բացահայտում է իր իրական դեմքը՝ կարծելով, թե այդպես կարող է լռեցնել դժգոհ քաղաքացիներին։ Չի ստացվելու։ Վաղը ստիպված եք լինելու ոչ թե 20, այլ 200 հոգի բերման ենթարկել։ Բայց հիշեք՝ 2000-ի դեմ այլևս անզոր եք լինելու։ Իսկ այդ օրը մոտ է շատ։