«Ընկերությունը վերջանում է, երբ վերջանում է սերը»․ Ելենա Բորիսենկոյի կյանքի սկզբունքները


15:00 , 20 մայիս, 2020
Blognews.am-ի զրուցակիցն այս անգամ դերասանուհի Ելենա Բորիսենկոն է, ով մեզ հետ կիսվեց իր կյանքի սկզբունքներով, պատմեց սիրո և ընկերության մասին:
 
Ամենամեծ ձեռքբերումս մայրս է: Ինձ թվում է նրան ընտրել եմ, նոր լույս աշխարհ եկել: Յուրաքանչյուր ձեռքբերմանս համար իրեն եմ շնորհակալ:
 
Երբ հուսահատվում եմ, վազում եմ մայրիկիս մոտ: Ընդամենը մեկ խոսքով կամ հայացքով նա կարող է ինձ սթափեցնել:
 
Այն պահին, երբ մենք կդադարենք ողբերգություն սարքել մենակությունից, դա այլևս խնդիր չի լինի մեզ համար: Մենք կկարողանանք երջանիկ լինել, և մեր երջանկությունն այլևս կախված չի լինի նրանից՝ մենք մենակ ենք, սիրելիի թե ընկերների կողքին:

 
Դժվարությունները հաղթահարում եմ ժպտալով:
 
Ես միշտ ներել եմ: Սակայն 2019 թ.-ի դեկտեմբերին ես հասկացա, որ ներելով խնդիրներս չեմ լուծել և այդ չլուծված խնդիրների բեռը շարունակում է իմ ուսերին մնալ: Յուրաքանչյուր մարդ պատասխան է տալիս իր արարքների համար, և ես չէ, որ պետք է ներեմ կամ չներեմ: Ես միայն կարող եմ բաց թողնել:
 
Չեմ զղջում, դասեր եմ քաղում: Այն, ինչ քոնն է, երբեք չի կորի, շտկված, իմաստավորված և ավելի հասուն նորից կտրվի քեզ, իսկ եթե ոչ, ապա զղջալու առիթ չկա:


 
Ինձ համար շատ կարևոր է սերը: Այն ամեն բան փոխում է: Ընկերության մեջ, աշխատանքում, կենցաղում: Սիրով պատրաստված ուտելիքը համեղ է, աշխատանքում սերը օգնում է անել ավելին, քան կարող ես, ընկերությունը վերջանում է, երբ վերջանում է սերը: Սերը առաջ գնալու ուժն է:
 
Յուրաքանչյուր մարդու պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա:
 
Երբ արթնանում եմ, շանս տանում եմ զբոսանքի, և օրս ջերմությամբ է լցվում:


 
Մի շտապեք: Ճշմարտությունը գալիս է, երբ հանդարտվում են հույզերը, և խաղաղվում է գիտակցությունը:

Խենթանում եմ
կենդանիների համար: Նրանք այն ազնիվ էակներն են, որ կարողանում են սիրել և նվիրվել՝ անկախ ամեն ինչից:
 
 
Այս կյանքում հաղթելու համար պետք է դադարել կռվելուց:

 
Սերը չի կարող իրական կամ ոչ իրական լինել: Այն կա՛մ կա, կա՛մ ոչ, ինչպես որ կինը չի կարող 50% հղի լինել: Նա կա՛մ հղի է, կա՛մ ոչ:
 
Ամեն ինչ անցնում է, մնում է միայն այն, ինչ մենք ենք ընտրում:
 
Տանել չեմ կարողանում հետույք լպստող և շահամոլ մարդկանց:


 
Հիանում եմ ուժեղ մարդկային տեսակով: Գուցե շատերը չհամաձայնվեն ինձ հետ, բայց իմ կարծիքով երջանիկ է ուժեղ մարդը:
 
Ես, իհարկե, հասկանում եմ, որ գոյություն ունի օբյեկտիվ արտաքին գեղեցկություն, բայց ինձ համար դա սուբյեկտիվ ընկալման հարթակ է, որտեղ ներքինը և արտաքինը հավասարաչափ պետք է գեղեցիկ լինեն: Այնպես որ, մեկի համար ես գեղեցիկ եմ, իսկ մյուսի համար՝ ոչ:
 
Ես միշտ սովորում եմ: Այն օրը, երբ ես կասեմ, որ սովորելու ոչինչ այլևս չունեմ, այդ օրը ես կվերջանամ:
 
Ես գիտեմ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է: Ցանկացիր, հավատա, վստահ եղիր և կունենաս այն, ինչ ցանկանում ես, իսկ ունենալուց հետո շարունակիր վստահ լինել, հավատալ և ցանկանալ:



Հարցազրույցը՝ Լիա Մարուխյանի
Լուսանկարները՝ Լիդիա Վիրաբյանի