Ամենաբարձր տաճարն աշխարհում, որը կառուցել են 500 տարվա ընթացքում


20:30 , 19 մայիս, 2020

Աշխարհում ամենաբարձր տաճարն է համարվում գերմանական Ուլմ քաղաքի կենտրոնում գտնվող լյութերական տաճարը, որն ունի 161,5 մ բարձրություն: Այս կառույցի շինարարությունը տևել է կես հազարամյակ՝ 1377-1890 թթ.: Այս ողջ ժամանակահատվածի ընթացքում շինարարությունը մի քանի անգամ դադարեցվել է: Սկզբում կողային նրբակները պարզապես չէին կարողանում դիմանալ պահոցների ծանրությանը, ապա, երբ աշտարակի բարձրությունը հասավ 100 մ-ի, շինարարությունը կանգ առավ ֆինանսական խնդիրների պատճառով: Երբ շինարարությունը վերջապես ավարտվեց, այցելուներին թույլատրվեց բարձրանալ աշտարակի 768 աստիճաններով՝ 143 մ բարձրության հասնելով:

Փաստացիորեն Ուլմի տաճարը տաճար չի հանդիսանում. Վյուրտեմբերգի ավետարանչական եկեղեցու եպիսկոպոսը, ում պատկանում է կառույցը, իր նստավայրը հիմնել է Շտուտգարտում՝ Բադեն-Վյուտենբերգի վարչական կենտրոնում, սակայն չափերի պատճառով շատերը այս եկեղեցին շարունակում են տաճար համարել:

Հատկանշական է նաև այն, որ տաճարն իր ստեղծման ժամանակ ամենաբարձրը չի համարվել. ամենաբարձրը եղել է Ֆրանսիայի Ստարսբուրգյան տաճարը: 200 տարի շարունակ վերջինս՝ իր 142 մ բարձրությամբ, համարվել է աշխարհի ամենաբարձր կառույցը:

Ուլմի տաճարին իր բարձրությամբ հաջորդում է Քյոլնի տաճարը, որն ունի 157,4 մ բարձրություն: «Երկրորդ հորիզոնականը» կարող էր զբաղեցնել նաև Կոտ Դիվուարի մայրաքաղաքում գտնվող կաթոլիկ Նոտր-Դամ-դե-լա-Պե եկեղեցին: Այն կառուցել են 1985-1989 թթ. հռոմեական Սուրբ Պետրոսի տաճարի օրինակով, այնուհետև այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենամեծ եկեղեցի: Սակայն այն եկեղեցի է և տաճար չի համարվում: Բարձրությունը 158 մ է, որը ներառում է նաև գլխավոր գմբեթի խաչը:

Երկրորդ հորիզոնականի թեկնածու էր նաև Լինկոլնյան տաճարը Մեծ Բրիտանիայում, սակայն դրա զանգակատունը փլուզվել է 1549 թ.: Զանգակատան հետ միասին կառույցն ուներ 159,7 մ բարձրություն, իսկ այսօր այն կազմում է ընդամենը 83 մ: