WhatsApp-ը հերքել է Facebook-ին օգտատերերի տվյալները փոխանցելու վերաբերյալ Գերմանիայի մեղադրանքները


23:51 , 18 մայիս, 2020

WhatsApp մեսենջերի տերերը հերքել են Գերմանիայի մեղադրանքները՝ օգտատերերի տվյալներն իրենց մայր ընկերությանը՝  Facebook-ին փոխանցելու վերաբերյալ: Հաղորդագրությունները մեսենջերում «պաշտպանված են միջանցիկ ծածկագրերով», որոնք կարող են կարդալ միայն զրուցակիցները, գերմանական Handelsblatt պարբերականը մեջբերում է WhatsApp-ի ներկայացուցչի խոսքերը:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության՝ անձնական տվյալների պաշտպանության հարցերով պատասխանատու Ուլրիխ Քելբերը դաշնային նախարարություններին եւ գերատեսչություններին նախազգուշացրել էր չօգտագործել այս հավելվածը տեղեկատվություն փոխանակելու համար: Նրա կարծիքով՝ մետատվյալների փոխանցումը տեղի է ունենում արդեն հաղորդագրություններն ուղարկելիս: Քելբերը կոչ էր արել հարգել տվյալների պաշտպանությունը, այլ ոչ թե անտեսել այն՝ «առավել եւս այս դժվարին պահերին», երբ COVID-19-ի համավարակը պետական հաստատություններում հաղորդակցման եղանակների փոփոխման անհրաժեշտության է հանգեցրել, փոխանցում է DW-ն:

WhatsApp ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին, 2014-ին այն ձեռք էր բերվել Facebook-ի կողմից: Դրա լսարանն ավելի քան 2 միլիարդ մարդ է կազմում: