Տարիներ առաջ վեց դեռահասներ հայտնվեցին անմարդաբնակ կղզում. ինչպե՞ս դասավորվեց նրանց ճակատագիրը


20:30 , 16 մայիս, 2020

Համաշխարհային պատմությունը ծանոթ է այնպիսի մարդկանց փրկության իրական դեպքերի, որոնք հայտնվել են անմարդաբնակ կղզիներում: Մի անգամ նման զարմանալի և վտանգավորր արկած ունեցել են նաև դեռահասները: Սակայն նրանք, բարեբախտաբար, կարողացել են հաղթահարել բոլոր փորձությունները և տուն վերադառնալ:

Դեպքը տեղի է ունեցել Տոնգայի թագավորությունում 1965 թ., երբ կաթոլիկ տուն-ինտերնատի վեց սաներ որոշեցին գողացված նավակով հասնել կա՛մ Ֆիջի, կա՛մ Նոր Զելանդիա: Իրենց հետ վերցրին կոկոսներ, բանաններ և գազային վառարան:

Նավակի մեջ նրանք քնեցին, և երբ արթնացան, հասկացան, որ հասել են բաց օվկիանոս: Փոթորկի հետևանքով նրանք կորցրել էին առագաստը, կոտրվել էին թիերը: Սնունդը յոթ օրվա ընթացքում վերջացավ, ջուր ընդհանրապես չկար: Երբ սկսվեց հորդառատ անձրևը, երեխաները սկսեցին ընկույզների կեղևներով ջուր հավաքել: Ութերորդ օրը նավակով երեխաներին ջուրը նետեց Ատա կղզի:

Կղզին դադարել էր բնակչություն ունենալուց դեռևս նախորդ դարի կեսերին ստրկավաճառության հետևանքով: Զարմանալի է, սակայն, ուժասպառ տղաները կարողացան հավաքել իրենց, բաժանել պարտականությունները: Ավելի ուշ գտան գյուղի ավերակներ, որտեղ ապրում էին վայրի հավեր, և աճում էին բանաններ: Դեռահասներն անգամ սովորեցին ջուր խնայել:

Հետաքրքրական է, որ նրանք որոշեցին հակասության դեպքում հարաբերություններ չպարզել, այլ պարզապես ժամանակավորապես չշփվել: Դա օգնեց պահպանել ընկերական հարաբերությունները: Տղաներից մեկը կոտրեց ոտքը, իսկ մյուսները հասուն մարդկանց նման պրոֆեսիոնալ օգնություն ցույց տվեցին: Երեխաներն անգամ կոկոսից և լարերից կիթառ էին պատրաստել՝ ժամանակ անցկացնելու համար: Նոր նավակ կառուցեցին, սակայն չգիտեին՝ ինչպես տուն հասնել, չգիտեին իրենց տեղակայման կոորդինատները, չունեին քարտեզ ու կողմնացույց:

Երեխաները կղզում ապրեցին 15 ամիս, մինչև որ նրանց հայտնաբերեց ձկնորս Պիտեր Ուորները: Սկզբում նա կարծում էր, որ կղզին ծովահենների որջ է, սակայն հետագայում հասկացավ, որ սխալվել է: Նա կապ հաստատեց ոստիկանության հետ և իմացավ, որ իսկապես որոշ ժամանակ առաջ վեց տղա է անհետացել:

Վերադառնալուց հետո տղաներն ազատազրկման ենթարկվեցին նավակի գողության համար, սակայն Ուորները վճարեց նրանց ազատության համար: Հարազատ գյուղում երեխաներին դիմավորեցին որպես հերոսների: Ավելի ուշ վերջիններս սկսեցին աշխատել Ուորների մոտ: