Արցախի ՊԲ վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի


21:03 , 15 մայիս, 2020

Մայիսի 15-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, ՊԲ-ի վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի և անցել հանկարծակի ստուգման պլանով նախատեսված համապատասխան միջոցառումների իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն:

Ըստ այդմ՝ ներգրավված կառավարման մարմինների, ենթակա միավորումների և զորամասերի հետ անց են կացվել մարզումներ, ճշգրտվել են վերջիններիս մարտական խնդիրները, հնչել են զեկույցներ ու խաղարկվել մարտավարական տարաբնույթ դրվագներ պայմանական մարտական իրադրության առկա և հավանական զարգացումների վերաբերյալ: Մարզումների ընթացքին, հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության ծրագրի համատեքստում, հետևում էր նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

Մարզումներին գործնականում ներգրավվել են նաև մի շարք զորային միավորներ, որոնք, համապատասխան ստացված ներմուծականների, կատարել են զորաշարժեր, ծավալվել մարտական կիրառման շրջաններում և անցել հետագա խնդիրների կատարմանը:

Իրականացված միջոցառման արդյունքում պարզորոշվել է, որ ներգրավված ուժերն ու միջոցները ունակ են սահմանված ժամկետներում բերվել մարտական պատրաստականության բարձր աստիճանների, գործել ներդաշնակ ու փոխգործակցված, արագ արձագանքել ստեղծված ու փոփոխվող իրադրությանը, ընդունել համապատասխան որոշումներ և հետամուտ լինել դրանց իրականացմանը: