Տպավորություններ ու եզրակացություններ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ասուլիսից


17:33 , 15 մայիս, 2020

- Վիզաների ազատականացման հարցում ամեն ինչ շարունակում է նույնքան անորոշ մնալ, որքան կար: Հիմնական խոչընդոտը ԵՄ անդամ երկրների մտահոգություններն են, ԱԳՆ-ն աշխատում է նրանց հետ:
Լավ է, որ գոնե դեսպանը չխմբավորեց մեզ Բելառուսի ու Ադրբեջանի հետ միասին նույն խմբում, ինչպես ԱլԳ ապագայի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշման մեջ, որին դեռ առանձին կանդրադառնամ:

- Հայաստանի հետ ԵՄ-ն հարաբերությունները կառուցում է առկա համաձայնագրի շրջանակներում, դրա իրագործման ճանապարհային քարտեզը, դրա հիման վրա ընդունված մի քանի բարեփոխումների ռազմավարությունները դրական է համարում:
Այստեղ ավելի շատ խոսվում է ոչ թե իրականացված քայլերի ու արդյունքների, այլ ծրագրերի, նախանշված քայլերի մասին:

- Արցախյան հարցի հետ կապված նորություն չունի ասելու ԵՄ-ն․ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին, չի պատրաստվում ուղղակի աշխատել Արցախի հետ, իր առաքելությունը տեսնում է խաղաղաշինական նախաձեռնություններին աջակցելու մեջ:

- Գույքի բռնագանձման օրենքի հետ ԵՄ-ն խնդիրներ չունի, իսկ այ Սահմանադրական բարեփոխումների հարցում հույս է հայտնում, որ Հայաստանը հաշվի կառնի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, կոչ է անում պահպանել իշխանության ճյուղերի միջև բալանսները և հավատարիմ մնալ օրենքի տառին:
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության որոշ քայլեր, այդ թվում՝ ՍԴ դեմ ճնշումները, որոշակի մտահոգություններ են առաջացրել ԵՄ-ի մոտ, և այժմ փորձում են կանխել հետագա նման քայլերը:

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն կարծես դրական է տրամադրված Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքի նկատմամբ, բայց միաժամանակ ունի մտահոգություններ և երկնքից թափվող մանանա չի խոստանում: Արդիական է մնում փաստաթղթերից ու խոսքերից գործի անցնելու և արդյունքների հիման վրա ավելին ակնկալելու խնդիրը: