Իրավունքի ու օրենքի «բռնաբարումը» հատել է բոլոր երևակայական անթույլատրելի սահմանները


13:20 , 15 մայիս, 2020

Երկու օր առաջ վարչապետն ու արդարադատության նախարարը քննարկում էին դատական համակարգի հարցը, որից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ են ուզում ասել։

Փոքրիկ հուշում. ուրեմն մի դատավոր կա, արարում էր Ավան և Նոր Նորք նստավայրում, հիմա էլ իջել է Կենտրոն։ Այդ դատավորը երեկ մարդ է կալանավորել (հայտնի հեծանվորդին)՝ գտնելով, թե ՀՀ ԱԺ պատգամավորը պետական մարմնում ծառայող անձ է, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Իրավունքի ու օրենքի «բռնաբարումը» հատել է բոլոր երևակայական անթույլատրելի սահմանները, բայց ինքը ձեր սրտի դատավորներից է, չէ՞, դուք հաստատ վատ չեք զգա նման որոշումից, չեք զայրանա, դատարանների դռներ չեք փակի, վեթինգ-վեթինգ չեք գոչի...

Իրավունքի ու իրենքի նկատմամբ բացահայտ անարգանքն այն սահմանագծերից է, որոնք չի կարելի երբեք հատել, դա կարող է հանգեցնել արդեն անդառնալի գործընթացների, որոնց տակ ապագայում կարող ենք մնալ բոլորս, այդ թվում ու ամենայն հավանականությամբ՝ նաև դուք, պարոնայք։