Հասարակ աստիճան, որը հարյուրամյակներ շարունակ չի տեղաշարժվում. կրոնական ամենաարտասովոր արգելքը


22:45 , 15 մայիս, 2020

Երուսաղեմում Հիսուս Քրիստոսի հարության տաճարը IV դարից ի վեր համարվում է քրիստոնեական սրբավայր: Սակայն անգամ այս տաճարը չի կարողացել խուսափել մարդկային անտանելի բնավորությունից, հպարտությունից ու նախանձից:

Եթե երբևէ այցելեք այս տաճար, ուշադրություն դարձրեք գլխավոր մուտքի վերևի հարկի պատուհանին: Հենց պատուհանի դիմաց՝ աջ կողմում, կտեսնեք աստիճան: Սկզբում կկարծեք, որ դա վերջին վերանորոգման աշխատանքների ժամանակներից մնացած աստիճան է, մինչև որ չիմանաք, որ դա կատարվել է գրեթե երեք դար առաջ:

1757 թ. քարտաշը վերականգնում էր տաճարի պատուհանի շրջանակը: Կրոնական բոլոր կուսակցությունները տվել էին իրենց համաձայնությունը վերանորոգում կատարելու: Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչև որ վարպետը թողեց պատուհանի մոտ իր աստիճանը. կրոնական միավորումները համաձայնության չէին գալիս այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է աստիճանը ներքև իջեցվի:

Միաձայն որոշում էր հարկավոր, այդ իսկ պատճառով մինչ դա ոչ ոք չէր կարող տեղաշարժել աստիճանը: Այդ վիճակում աստիճանը մնաց մոտ հարյուր տարի, ինչից հետո Օսմանյան կայսրության ղեկավարը պաշտոնական հրաման արձակեց, համաձայն որի՝ տաճարն ու դրանում գտնվող բոլոր իրերն ընդհանուր սեփականություն են համարվում և ոչ մի փոփոխության չեն կարող ենթարկվել առանց բոլոր վեց կրոնական խմբերի համաձայնության: Այդ խմբերն են՝ Հռոմեական կաթոլիկ, Հայկական առաքելական, Ասորական, Ղպտի, Հունական և Եթովպական Ուղղափառ:

Աստիճանը կարծես «անշարժ գույք» դարձավ, քանի որ դրա տեղաշարժման համար հարկավոր էր բոլոր կրոնական խմբերի միաձայն համաձայնությունը: Խմբերի միջև դրա պատճառով անգամ հակասություններ սկսվեցին:

Օրինակ՝ 2002 թ. Ղպտի ուղղափառ եկեղեցու վանականը մեծ սխալ թույլ տվեց՝ «ընդհանուր» համարվող սեղանը տասը սանտիմետր տեղաշարժելով՝ ստվերի տակ նստելու համար: Եթովպիական համայնքի ներկայացուցիչը տեսավ դա, և վեճը վերածվեց անգամ ձեռնամարտի: Պատկերացրեք՝ ավելի քան հարյուր կրոնական գործիչներ սուրբ վայրում իրար նկատմամբ բռնություն են գործադրում: Եվ դա մեկ անգամ չէ, որ տեղի է ունեցել:

Որոշ մարդիկ ամեն դեպքում փորձել են տեղաշարժել աստիճանը: 1997 թ. մեկն այն հաջողությամբ գողացավ, սակայն մի քանի շաբաթ անց գողոնը հայտնաբերվեց և վերադարձվեց իր տեղը: 2009 թ. մի գիշեր որևէ մեկը աստիճանը աջ կողմից տեղափոխեց ձախ կողմ: Ոչ ոք այդպես էլ չխոստովանեց, որ ինքն է դա արել՝ վախենալով հնարավոր պատժից:

Թվում է՝ պատմական աստիճանն անշարժ կմնա հավերժ, և դրա հետ ոչինչ չի պատահի, քանի որ այն գտնվում է վեց կրոնական խմբերի պաշտպանության ներքո: