Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը զգուշացնում է. 2020 թ. ամռանը անոմալ եղանակային պայմաններ են սպասվում


21:00 , 15 մայիս, 2020

2020 թ. ամռանը Երկիր մոլորակի վրա սպասվում է արևադարձային լայնություններում օվկիանոսի մակերեսի անոմալ բարձր ջերմաստիճան, ինչպես նաև Հարավային Ամերիկայի և Հինդուստան թերակղզու տարածքներում երաշտ: Ավստրալիայում, Ինդոնեզիայում և Հնդկական օվկիանոսի արևելյան հատվածում անոմալ տեղումներ կլինեն: Նման եզրակացության եկել են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության մասնագետները:

Տարվա ընթացքում չորս անգամ Համաշխահային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) տեղեկագիր է հրապարակում՝ նվիրված սեզոնային կլիմային: ՀՕԿ-ի տվյալները հիմնվում են աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հեռակա կանխատեսումների  համաշխարհային 13 կենտրոններից ստացված տեղեկությունների վրա: Ապրիլի 25-ին հրապարակվել է հերթական փաստաթուղթը, որում նկարագրվում են 2020 թ. մայիս, հունիս և հուլիս ամիսներին ողջ աշխարհում եղանակային թրենդները:

Մասնագետները համեմատել են ներկայիս տվյալները նախկին՝ 1993-2003 թթ., ունեցած տվյալների հետ: Արդյունքում եկել են եզրակացության, որ մոլորակի մեծ մասում ամառային եղանակին մթնոլորտային շերտի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի: Խնդիր կա նաև մթնոլորտային տեղումների հետ կապված. բազմաթիվ շրջաններում դրանք չափից շատ կլինի:

Սակայն Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի գրեթե ողջ տարածքում, ինչպես նաև Հինդուստան թերակղզում, ընդհակառակը, տեղումների քանակն աննշան կլինի: Ինդոնեզական կղզեխմբում ու Ավստրալիայում տեղումների անոմալ մեծ քանակություն է սպասվում: Համաշխարհային օվկիանոսի արևադարձային լայնություններում ամառային եղանակին ջրի ջերմաստիճանի կրիտիկական բարձրացում տեղի կունենա: Ընդհանրության մեջ այս երևույթները նախավկայում են արևադարձային ցիկլոնների հնարավոր ուժգնացման և կորալյան խութերին սպասվող վտանգների մասին:

Մասնագետները նշել են, որ COVID-19 համաճարակը հսկայական վնաս է հասցրել տնտեսության հիմնական ոլորտներին և առողջապահական ազգային համակարգերին, և նման պայմաններում կառավարությունների համար ավելի քան կարևոր է հիմնվել հստակ կլիմայական կանխատեսումների վրա, քանի որ եղանակը ևս կարևորագույն դեր ունի սոցիալական խնդիրները լուծելու հարցում: