14:47 , 19 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Բժշկական գիտությունների թեկնածու, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանի փոխանցմամբ՝ վերջին տարիներին ամուսնալուծությունների թիվը մեր երկրում աճել է, ինչը հիմնականում պայմանավորված է ամուսնական դավաճանություններով:
Երկրորդ պատճառը, որը ոչ պակաս կարևոր է, սոցիալական խնդիրներն են. «Այն ընտանիքներում, որտեղ երեխաները շատ են, որպես օրենք՝ ամուսնալուծությունները քիչ են: Մարդիկ խրված են գործերի մեջ, և ամուսինների միջև կոնֆլիկտների ժամանակ չի մնում»:
Մարատ Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց նաև, որ հաճախ ամուսնալուծությունների պատճառ է դառնում ամուսնության վերաբերյալ սխալ ինֆորմացիան:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը փաստեց, որ 2013 թվականի առաջին եռամսյակում աճել են ամուսնալուծությունների և նվազել ամուսնությունների թիվը: Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է ամուսնալուծության ընթացակարգի հեշտացմամբ. «Ամուսնալուծության ընթացակարգը պետք է բարդացվի, ամուսինները պետք է ամուսնանալուց առաջ պայմանագիր կնքեն, իսկ դատական համակարգի հետ պետք է գործի հոգեբանի ինստիտուտ»:
Նա նշեց, որ այժմ քաղաքացին դիմում է դատարան, եթե նրանցից մեկը չի ուզում բաժանվել, երկուսից երեք անգամ դիմելուց հետո դատարանն ամուսնալուծում է: Մտածելու համար ամուսիններին տրվում է 1-3 ամիս ժամանակ, որպեսզի կողմերը որոշեն ալիմենտի հարցերը:
«Ամուսնալուծությունների դեպքում սովորաբար կինն է տուժում, որովհետև չկա համապատասխան պայմանագիր, ըստ որի՝ զույգերի միջև համապատասխան պարտավորություններ պետք է լինեն: Հիմնականում երեխաների խնամքն ընկնում է կնոջ վրա, իսկ ամուսինը հաճախ գնում է արտերկիր կամ պատասխանատվություն չի կրում»:
Բանախոսն ասաց նաև, որ ամուսնալուծությունները խիստ բացասական հոգեբանական ազդեցություն են ունենում երեխաների վրա, հաճախ նրանք իրենց մեղավոր են համարում ծնողների վեճի համար. «Եթե զույգերն անընդհատ վիճում են, ավելի բարոյական է ամուսնալուծվել, քան երեխաների մոտ անընդհատ վիճել: Սակայն պետք է հոգեբան, որպեսզի կենցաղային կամ այլ խնդիրների դեպքում փորձի հաշտեցնել ամուսիններին»:
Փաստաբանն ասաց նաև, որ մեզանում խնդիր է նաև այն, որ ծնողներից մեկն էգոիստաբար թույլ չի տալիս հանդիպել երեխային. «Մենք պետք է լուծենք նաև այս խնդիրը, որովհետև երեխային պետք է թե՛ հայրը, թե՛ մայրը»: