ՃՈ ծածուկ ծառայությունը երթևեկության կոպիտ և միտումնավոր խախտումներ անողներին հայտնաբերելու համար է և միտված է անվտանգ երթևեկության ապահովմանը. ՃՈ


12:59 , 14 մայիս, 2020

Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է տարածել ՃՈ ծածուկ ծառայության վերաբերյալ, որում ասվում է:

«Օրեր առաջ հայտարարություն էր տարածվել, որ ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է նաև ծածուկ ծառայություն, ինչը ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։

Հայտարարությունը հասարակության որոշ շրջանակներում և համացանցում անհարկի շահարկումների տեղիք է տվել և առաջացրել որոշակի անհանգստություն։

Պարզաբանում ենք, որ նշված ծառայությունը ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ և միտումնավոր խախտող, այսպես ասած՝ դրիֆտեր իրականացնող, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս եկող, երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, նրանց կյանքին ու առողջության համար վտանգավոր խախտումներ կատարող վարորդներին և այլ կոպիտ խախտումներ հայտնաբերելու համար է։

Այսինքն՝ ճանապարհապարեկային ծածուկ ծառայությունն իրականացվելու է կոնկրետ վայրերում կոնկրետ խախտումներ հայտնաբերելու համար, ինչը միտված է անվտանգ երթևեկության ապահովմանը։

Երթևեկության բոլոր մասնակիցներին կրկին կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»։