Գիտնականները գնահատել են Մարսի վրա կյանքի գոյության հավանականությունը


06:36 , 13 մայիս, 2020

Ամերիկացի գիտնականները կրկնօրինակել են այն պայմանները, որոնք կարող են գոյություն ունենալ Մարսի մակերևույթին առկա հեղուկ-աղային կուտակներում, և եկել են եզրակացության, որ կյանքի գոյությունը դրանցում դժվար թե հավանական լինի: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Astronomy ամսագրում:

Ցածր ջերմաստիճանի և խոնավության պատճառով ջրի գոյությունը Մարսում անհնար է, սակայն աղային կուտակումները, որոնք որոշակի կոնցենտրացիաների պարագայում պահպանվում են հեղուկ վիճակը նույնիսկ ցածր ջերմաստիճաններում, կարող են գոյություն ունենալ Կարմիր մոլորակի մակերեսին: Որոշակի ջերմաստիճանի և խոնավության պարագայում մոլորակի մակերեսին առկա աղը կարող է սկսել ջուր կլանել մթնոլորտից՝ աղի հեղուկ ձևավորելով:

Նախկինում տեսախցիկները ֆիքսել էին աղի հեղուկ կաթիլների ձևավորումը «Ֆենիքս» մարսագնացի տաք ոտնակների վրա:

«Մեր թիմն ուսումնասիրել է Մարսի որոշ շրջաններ, որտեղ հեղուկ ջրի ջերմաստիճանը կարող էր թույլ տալ հայտնի ցամաքային օրգանիզմների բազմացումը»,- ասվում է հետազոտության հեղինակ Ալեխանդրո Սոտոյի հաղորդագրության մեջ:

Մարսի պայմանների նմանակումը ցույց է տվել, որ հեղուկ-աղային կուտակումների առավելագույն հնարավոր ջերմաստիճանը Մարսում կազմում է մոտ –48 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Նման ջերմաստիճան հնարավոր է մոլորակի մակերևույթի 40 տոկոսում, այն էլ կարճ ժամանակահատվածով, որը հավասարազոր է մարսիական տարվա 2 տոկոսին: