Թուրքիան Կենտրոնական Ասիայում կամրապնդվի Ադրբեջանի օգնությամբ


11:28 , 19 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ադրբեջանական գործակալություններից մեկին տված հարցազրույցում նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ հաջողված հարաբերություններ են հաստատել, սակայն երկրները կարող են համատեղ համագործակցել նաև Կենտրոնական Ասիայում:

Կենտրոնական Ասիայում իրականացվող թուրք-ադրբեջանական համատեղ քաղաքականության և ռազմավարության կարևորագույն հարթակներից է Թուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի`TurkPa-ի հարթակը:

Թուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի`TurkPa-ի մեջ են մտնում 4 երկրներ`Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Պաշտոնապես այդ կազմակերպության նպատակն է թուրքախոս երկրների միջև հարաբերությունների խորացումը, տնտեսական կապերի ընդլայնումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

TurkPa-ի մեջ առաջնային դիրք է զբաղեցնում Թուրքիան, որը ԽՍՀՄ փլուզումից հետո փորձում է վերականգնել իր ազդեցությունը թուրքախոս պետություններում, օգտագործելով թուրքախոս երկրների հետ ընդհանուր լեզվի, կրոնի, ծագման ընդհանրությունները:

Թուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի մեջ մտնող երկրներից յուրաքանչյուրի հետ Անկարան կառուցում է բազմաշերտ հարաբերություններ:

Ա. Դավութօղլուն անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին դրանք որակել է որպես եղբայրական և անվանել Մեկ ազգ`երկու պետություն բանաձևի մեջ տեղավորվող հարաբերություններ:

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները իրոք կրում են ռազմավարական բնույթ`Անկարա-Բաքու տանդեմի գործունեության կարևորագույն համախմբող տարրերից է հակահայկականությունը, Հայաստանի մեկուսուացումը Հարավային Կովկասում, ինչպես նաև հայկական սփյուռքի դեմ պայքարը աշխարհի ցանկացած անկյունում:

Թուրքիան առևտրա-տնտեսական, էներգետիկ-կոմունիկացիոն կապերով սերտորեն կապված է Ադրբեջանի հետ և դիտարկում է այդ երկիրը որպես պատուհան կամ պլացդարմ`Կենտրոնական Ասիայի երկրներում Անկարայի ազդեցության ամրապնդման և այդ երկրները դեպի Թուրքիա ուղղորդելու նպատակով:

Թուրք-ադրբեջանական կապերը սերտ են նաև ռազմատեխնիկական համագործակցության առումով և ադրբեջանական բանակը արդիականացնելու տեսանկյունից:

Թուրքիայի ԱԳ նախարարը իր հարցազրույցում նաև նշել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները կարելի է խորացնել, ընդլայնել նաև եռակողմ ֆորմատներով, օրինակ Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան կամ Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան ֆորմատներով:

Նշենք, որ Թուրքիայի և Ղազախստանի հարաբերությունները վերջին շրջանում ակտիվացել են բոլոր ոլորտներում`2009թ.-ին Անկարայի և Աստանայի միջև ստորագրվեց ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:

Երկկողմ առևտրա-տնտեսական շրջանառությունը հասնում է 4 միլիարդ դոլարի և կողմերը հայտարարում են այդ թիվը 10 միլիարդ դոլարի հասցնելու քաղաքական կամքի առկայության մասին:

Թուրքիան շահագրգված է Ղազախստանի խոշոր նավթագազային պաշարներով, որոնք Անկարան փորձում է ուղղել դեպի ադրբեջանական նավթային և գազային առկա խողովակաշարար`Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում` ղազախական էներգակիրները Եվրոպա արտահանելու համար:

Թուրքիայի և Ղրղզստանի հարաբերությունները նույնպես զարգացում են ապրում, սակայն ղրղզական գործոնը այդքան էլ ծանրակշիռ չէ Կենտրոնական Ասիայում, ինչը չի կարելի ասել Ղազախստանի մասին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2011թ.-ին այցելել էր Բիշքեք և հանդիպել Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Աթանբաևի հետ:

Երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է 160 միլիոն դոլար, իսկ 2 երկրների միջև վերացվել է վիզային ռեժիմը`բիզնես կապերը ամրապնդելու նպատակով:

Ղրղզական կողմը ցանկություն է հայտնել զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ նաև ռազմական ոլորտում, ինչի մասին հայտարարել էր Ղրղզստանի պաշտպանության նախարար Տալայբեկ Օմուրալիևը` թուրք գործընկերոջ Իսմեթ Յըլմազի հետ հանդիմպմանը:

Թուրքիայի ձգտումներին` իր շուրջ համախմբել թուրքախոս երկրներին և դրանով իսկ ստեղծել թուրքական կենսական շահերի տարածք, միտված են նաև թուրքախոս երկրների համար միասնական այբուբենի ստեղծման և միացյալ դրոշ ունենալու գաղափարները:

Դրան զուգահեռ, Ադրբեջանը նույնպես ցանկություն ունի ստանձնելու Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի մերձկասպյան երկրները կամրջող երկրի գործառույթները, ինչին միտված է նաև Ադրբեջան-2020 ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է Ադրբեջանի տնտեսական զարգացման տեսլականը մոտակա տարիների համար:

Ադրբեջան-2020 ռազմավարության մեջ կառանձնացնենք մի քանի կարևորագույն կետեր, որոնց իրականացման ուղղությամբ կարծես թե որոշակի զարգացումներ արդեն իսկ նկատելի են դառնում:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը պետք է դառնա Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքների խաչմերուկ և տարածաշրջանում տարանցիկ կարևորագույն օղակ:

Տարանցիկ և էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնալու համար Ադրբեջանը նախատեսում է մոտակա տարիների ընթացքում արդիականացնել երկաթգիծը, ավտոճանապարհները բերել միջազգային չափորոշիչներին, Կասպից ծովի ափին կառուցել նոր միջազգային առևտրային Ալյաթ նավահանգիստը, ինչպես նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում կառուցել նոր համալիր և օդանավակայանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական գոտի:

Նշենք, որ Ալյաթ նավահանգիստը կառուցվում է Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթ ավանում:
Նախատեսվում է առևտրային նավահանգստի շինարարությունը ավարտին հասցնել մի քանի տարիների ընթացքում:

Ալյաթ նավահանգիստը պետք է ընդունի 11 միլիոն տոննա բեռ և նավահանգստի կառուցմամբ Ադրբեջանը կփորձի տարանցիկ կենտրոնի դեր խաղալ մերձկասպյան երկրների, առաջին հերթին իրենց ապրանքները Եվրոպա և Թուրքիա արտահանել ցանկացող Ղազախստանի և Թուրքմենստանի համար: Ադրբեջանը մինչ այդ հայտարարել էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկագծի շինարարությունից հետո այդ տրանսպորտային միջանցքը մերձկասպյան երկրներին որպես տարանցման ուղի տրամադրելու ցանկության մասին:

Ա. Դավութօղլուն իր հարցազրույցում որպես տարածաշրջանում եռակողմ հաջողված համագործակցության օրինակ է բերել նաև Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունը`էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում:

Նշենք, որ Ադրբեջանի ֆինանսավորմամբ և ակտիվ լոբբինգով իրականացվող Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգծային ծրագիրը, որի մասին շեշտել էր Թուրքիայի արտգործնախարարը, տեղավորվում է Հայաստանը տարածաշրջանային գործընթացների մեկուսացնելու քաղաքականության Բաքվի տրամաբանության մեջ, նպատակ ունի միավորել 2 թուրքական պետությունները`Թուրքիան և Ադրբեջանը ու ամրապնդել Հարավային Կովկասում դեռևս 1990-ական թթ-ին կեսերից ձևավորվող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական եռանկյունին:

Վրաստանը տարանցման հնարավորություններ է տրամադրում Ադրբեջանին, այդ երկրի համար հանդիսանալով կարևորագույն միջանցք դեպի սևծովյան նավահանգիստներ և «մեծ եղբայր» Թուրքիան: