Ճապոնացի գիտնականները մշակել են անապատում բուսականություն աճեցնելու տեխնոլոգիա


13:44 , 19 հուլիս, 2013

1in.am-ը գորւմ է.

Panasonic կորպորացիան Կիոտոյի համալսարանի աշխատակիցների հետ մշակել է տեխնոլոգիա, որը կարող է կիրառվել անապատը կանաչեցնելու համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին:

Ճապոնացի մասնագետներն առաջարկել են չոր ավազի համար կիրառել հատուկ հակազդակ (ռեագենտ), որը ջուր է պարունակում: Այդ նյութի օգնությամբ կարելի է ստեղծել պտղաբեր շերտ, որը պահպանում է 70 տոկոս խոնավություն: Նոր տեխնոլոգիան չի խախտում հողում օդի շրջանառությունը՝ նպաստելով բուսականության աճին:

Մեկ տոննա ռեագենտի արտադրման արժեքը կազմում է մոտ 10 հազար իեն (100 դոլար): Ծրագրվում է տեխնոլոգիան շուկա ներկայացնել 2016 թվականին: Սպասվում է, որ այն մեծ պահանջարկ կունենա առաջին հերթին Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրներում: