ՀՀՇ-ական Արմեն Մարտիրոսյանի հրատարակչությունը միայն մարտ ամսին 44 միլիոն դրամի տենդեր է շահել


17:51 , 11 մայիս, 2020

Alternativ.am-ը գրում է․

«Անտարես» հրատարակչությունն այս տարվա մարտ ամսին 43,798,800 դրամի տենդեր է շահել՝ ապահովելու համար ՀՀ ՊՆ կարիքների համար լույս տեսնող «Հայ զինվոր» ամսագիրը: Արտակարգ դրության պայմաններում, երբ Հայատանի տնտեսությունը ծանր վիճակում է  գտնվում, երբ մարդիկ բազում դժվարությունների են բախվել, երբ կառավարության միջոցները չեն բավականացնում նույնիսկ սոցիալական ծրագրերը հավուր պատշաճի կատարելու համար, պետական բյուջեից շուրջ 44 մլն դրամ է հատկացվում ամսագրի հրատարակման համար:

Հետհեղափոխական Հայաստանում «Անտարես» հրատարակչությունը պարբերաբար պետական բյուջեից հատկացումներ է ստանում՝ տենդերներ շահելու շնորհիվ: Նիկոլ Փաշինյանի թիմի՝ իշխանության գալուց հետո, մասնավորապես 2018թ.-ի հունիս ամսից մինչ ընթացիկ տարվա ապրիլ ամիսը «Անտարես»-ը շուրջ 178 մլն դրամի տենդեր է շահել: Իսկ հրատարակչության պատվիրատուների ցանկում ՀՀ գերատեսչություններն են, ՀՀ Նախագահի և Վարչապետի աշխատակազմերը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ սահմանադրական դատարանը և այլն:

Միայն Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու համար պետբյուջեից «Անտարեսին» 48 մլն 900 հազար դրամ է տրամադրվել, առանց մրցույթի: Վարչապետ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը ևս հրատարակվել է նույն հրատարակչության կողմից:

Ավելորդ չէ հիշեցնել, որ հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նախկին ՀՀՇ-ական է: Վերջինս 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու էր առաջադրվել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով։ Մարտիրոսյանը քարոզարշավի ժամանակ տված հարցազրույցներից մեկում այսպիսի միտք էր արտահայտել. «Ես նպատակ չունեմ քաղաքականության մեջ երկար մնալ, ես ունեմ լավ գործ, ես հրատարակիչ եմ, այս ծրագիրը իրականացնելուց հետո շտապ վերադառնալու եմ իմ աշխատանքին»:

Մարտիրոսյանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի և Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի մտերիմն է: Ուստի պատահական չէ, որ Մարտիրոսյանը մասնակցում էր 2019թ.-ի սեպտեմբերի 4-ին ՍԴ մոտ տեղի ունեցող ակցիային և նշում, որ ՍԴ կազմը լեգիտիմ չէ և իրավունք չունի դիմումներ քննել՝ անկախ դրանց բովանդակությունից: