«Դարպասներ դեպի դժոխք». ինչո՞վ է առանձնահատուկ ճապոնական Օսորեզան լեռը


20:30 , 9 մայիս, 2020

Ճապոնիայի ամենազարմանալի վայրերից մեկը Օսորեզանի լեռն է, որտեղ տեղակայված է բուդդիստական տաճարը : Այն համարվում է մեռյալների աշխարհի դարպաս. այստեղ այցելում են հավատացյալներ աշխարհի տարբեր անկյուններից՝ լսելու հանգուցյալ հարազատների ձայնը և նրանց հետ հաղորդակցվելու :

Լեռան «Օսորեզան» անվանումը թարգմանվում է որպես «վախի քար» : Ամենաբարձր ժայռը, որի գագաթին բուսածածկ անտառ է գոյացել, շրջապատվել է ևս ութ ավելի ցածր գագաթներով : Այս վայրի գեղեցկությունն ապշեցնում է իր անկենդան միջավայրով : Այն արտաքնապես շատ նման է այն դժոխքին, որը պատկերացնում են բուդդիստները, և հենց այդ պատճառով էլ այն համարում են դարպասներ դեպի դժոխք : Տարածքում հոսում է Ուզորի գետը, որի գույնն այնքան արտասովոր կապույտ է, որ անգամ վախեցնում է : Ջուրը թունավոր է, այդ իսկ պատճառով դրանում լողալն արգելված է :

Ամենուր ծծմբի սուր հոտ է զգացվում, ինչը վկայում է հրաբխային ակտիվության մասին : Սակայն կրոնական տեսանկյունից ծծմբի հոտը խորհրդանշվում է դժոխքի հետԼ Հրաբխային ակտիվության մասին է խոսում նաև ժայռերի տեսքը, որոնք կարծես կազմված լինեն առանձին քարերից ու որոնք ունեն դեղնամոխրագույն երանգ :

Օսորեզան լեռան շրջակայքում մեծ քանակությամբ օձեր կան, հետևաբար զբոսանքը վտանգավոր է : Սակայն հենց այստեղ է գտնվում Ճապոնիայի ամենահայտնի բուդդիստական տաճարներից մեկը՝ Բոդայձին, որի կողքին բազմաթիվ կրոնական օբյեկտներ կան՝ Բուդդայի քանդակները, ժապավեններով ու թալիսմաններով ծառեչը, քարե սյուները :

Ամեն տարի բուդդիստական տաճարում անց է կացվում փառատոն, որը գրավում է բազմաթիվ հավատացյալների ուշադրությունը : Ճապոնացիները հավատում են, որ դա հնարավորություն է հանգուցյալ հարազատների հետ հաղորդակցվելու : Այդ հաղորդակցությունն ապահովելու համար դիմում են մեդիումներին՝ կույր կանանց, որոնք ծառայում են տաճարում : Նրանք ապրում են այնտեղ վաղ մանկությունից և հատուկ կրթություն են ստանում : Հավատացյալները նրանց ձեռքում դնում են իրենց հանգուցյալ հարազատին պատկանող որևէ իր, որի միջոցով մեդիումը մեռյալների աշխարհում գտնում է հանգուցյալին : Կույր կանայք սկսում են խոսել հանգուցյալի լեզվով՝ շփում հաստատելով հարազատների հետ :

Շատ հավատացյալներ այցելում են տաճար՝ սուզվելու դրա տարածքում գտնվող տաք աղբյուրում : Նրանք կարծում են, որ այդպիսով մաքրում են մարմինն ու հոգին : Հյուրերի համար զբոսնելու հատուկ տարածք կա կապույտ լճի կողքին, որտեղ հնարավոր է հիանալ Օսորեզան լեռան մռայլ, սակայն ապշեցուցիչ գեղեցիկ բնապատկերներով :