Չէի պատկերացնում, որ Կճոյանը էդքան մանր բան կանի. Գագիկ Շամշյան


00:46 , 19 հուլիս, 2013

Hayeli.am-ը գրում է.

Hayeli.am-ի հարցազրույցը ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի հետ.
–Գագիկ, արդեն 2 օր է խոսվում է այն մասին, որ «Չէին սպասում» հաղորդման ժամանակ քո ասած “Տեր Հակոբը հազար Կճոյան արժե” արտահայտությունը պատճառ է դարձել, որպեսզի Նավասարդ Կճոյանն աշխատանքից ազատի Տեր Հակոբին։
–Շատ զայրացած եմ։ Ճիշտն ասած՝ տեղս չեմ գտնում։ Ինձ համար սա շատ տարօրինակ որոշում էր։ Այո, «Չէին սպասում» հաղորդման ժամանակ ես պատմել եմ, թե ոնց եմ գնացել Երուսաղեմ, ասել եմ, որ հովանավորել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Հորդանան գետում մկրտվել եմ, եւ դա ինձ համար ամեն ինչ էր… Իսկ այդ ամեն ինչը Տեր Հակոբի ղեկավարությամբ է եղել։ Ճիշտն ասած, թույլ չէին տալիս, որ այդ ժամանակ այնտեղ կնունք տեղի ունենա։ Բայց Տեր Հակոբն ամեն ինչ արեց, որ դա տեղի ունենա։ Ու ես նրան դրա համար շատ շնորհակալ եմ, շատ պարտական եմ։ Տեր Հակոբը իսկականից մեծատառով հոգեւորական է։ Միայն ես չեմ ասում, կարող եք գնալ ու հարցնել Արարատ միության ցանկացած անդամի, ցանկացած աշխատողի, նրանք կասեն, թե ինչքան գործ է արել Տեր Հակոբը, ինչքան երիտասարդի է բերել դեպի եկեղեցի։ Որ ուզում եք ճիշտը իմանաք, ես էլ նրանցից մեկն եմ։ Որովհետեւ իմ հավատը Երուսաղեմ գնալուց ու կնքվելուց, Տեր Հակոբին ճանաչելուց հետո է մեծացել։ Տեր Հակոբն է ինձ մոտեցրել մեր եկեղեցուն։
–Ափսոսո՞ւմ ես, որ նման արտահայտություն ես ասել հաղորդման ժամանակ։
–Գիտե՞ք ինչ, ես ասել եմ էն, ինչ մտածում եմ ու հիմա էլ եմ էդպես կարծում։ Կարող է իսկականից կոպիտ է ստացվել։ Բայց դրա համար Կճոյանը պիտի Տեր Հակոբին հանե՞ր Արարատ միությունից։ Ես չէի պատկերացնում, որ Կճոյանը էդքան մանր մարդ է, որ էդքան մանր բան կանի։ Վերջիվերջո, ես եմ, չէ՞, էդ արտահայտությունն ասել։ Եթե իրեն էդքան դուր չի եկել իմ խոսքը, թող նա ինձ փորձեր պատժեր, ինձ մի վնաս տար։ Տեր Հակոբն ի՞նչ կապ ունի իմ ասածի հետ։
–Այս ընթացքում հանդիպե՞լ ես Տեր Հակոբի հետ։
–Չեմ հանդիպել։ Շատ վատ եմ տանում էս պատմությունը։ Շատ եմ ուզում նրան հանդիպել։ Բայց մի բան կարող եմ ասել, որ Տեր Հակոբը էնպիսի հոգեւորական է, որ ուր էլ լինի, ինչ պայմաններում էլ լինի, որ աշխարհի ծերն էլ լինի, ինքը իր շուրջը հավաքելու է մարդկանց, ու էդ մարդիկ սիրելու են Տեր Հակոբին որպես հոգեւորական ու մարդ։ Ու ընդհանրապես, թող էն մարդիկ մտածեն, ովքեր ժողովրդի համար մեռած են որպես հոգեւորական։ Ես Տեր Հակոբով եմ ճանաչել մեր եկեղեցին։ Ու ես միշտ մնալու եմ Տեր Հակոբի կողքին։ Ու ինձ նման էլի շատ–շատերը։