Բենքսին կորոնավիրուսի ֆոնին սուպերհերոս բուժաշխատողի կերպարով նոր նկար է ստեղծել


06:43 , 8 մայիս, 2020
Բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսին սուպերհերոսի կերպարով բուժքույրի նկար է ստեղծել: Այս աշխատանքը նա հրապարակել է իր ինստագրամյան էջում:
Մատիտով կամ ածուխով արված սև-սպիտակ նկարի վրա պատկերված է երեխա, որը ձեռքում բռնել է սուպերհերոսի կերպարով բուժքույրի տիկնիկը: Երեխայի կողքին դրված զամբյուղում Սարդ-մարդու  և Բեթմենի տիկնիկներն են:
Ինստագրամյան հրապարակումը Բենքսին մեկնաբանել է Game changer արտահայտությամբ, որը կարելի է թարգմանել «իրավիճակը փոխող»:
Բենքսին նկարը նվիրել է Սաութհեմփթոնի հիվանդանոցի բուժանձնակազմին:
«Շնորհակալություն ամեն ինչի համար, ինչ դուք անում եք: Հուսով եմ՝ նկարը, սև-սպիտակ լինելով հանդերձ, մի փոքր ավելի լուսավոր կդարձնի այս վայրը»,-ընդգծել է նկարիչը:
Նկարը ծրագրվում է հանել աճուրդի, իսկ ստացված միջոցները փոխանցել առողջապահության ազգային ծառայությանը:
Բենքսի կեղծանունով նկարչին, որի աշխատանքները շատ մեծ ճանաչում են վայելում, մինչև այսօր հաջողվում է պահպանել անձի գաղտնիությունը: