Երկրները պետք է վստահ լինեն, որ կորոնավիրուսի բռնկման ռիսկերը նվազագույնի են հասցվում բարձր խոցելիություն ունեցողների շրջանում և հետո անցնեն սահմանափակումները հանելու հաջորդ փուլին․ ԱՀԿ ներկայացուցիչ


21:53 , 7 մայիս, 2020

Tert.am-ը գրում է.

Tert.am-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հետաքրքրվել էր, թե ինչպես են վերաբերում նրան, որ Հայաստանը կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումները մեղմացրեց, հանեց սահմանափակումներն այն դեպքում, երբ վարակվածների ընդհանուր թիվն արդեն անցնում է  2500-ը, իսկ օրական վարակվածների թիվը՝  100-ը (հարցումն ուղարկվել է մայիսի 4-ին)։

Tert.am-ին պատասխանել է ԱՀԿ-ի Հայաստանի ներկայացուցիչ Եգոր Զայցևը։ Ըստ նրա՝ կարևոր է, որ տեղաշարժը դեպի անցումային փուլ լինի աստիճանական՝ հաշվի առնելով նաև վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը, որը տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշներից է եղել:

ԱՀԿ ներկայացուցչի հետ հարցուպատասխանը՝ ստորև․

 -Այն դեպքում, երբ Հայաստանում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը անցնում է  2500-ը և մահացության դեպքերը մոտ են 40-ին, իսկ օրական վարակվում է 100-ից ավելի մարդ, ՀՀ կառավարությունը որոշել է հանել սահմանափակումները: Ի՞նչ կարծիք ունեք այս մարտավարության վերաբերյալ, արդյոք աճող դեպքերը չե՞ն սպառնում կոլապսի ենթարկել ՀՀ առողջապահական համակարգը:

-Տեղաշարժը դեպի անցումային փուլ կարևորագույն քայլ է, որ պետք է բոլոր երկրներն իրականացնեն շատ զգուշորեն: Մենք ԱՀԿ-ում յուրաքանչյուր երկրի խորհուրդ ենք տալիս հաշվի առնել վեց չափանիշ՝ վստահ լինելու համար, որ

• կան անհրաժեշտ փաստեր, որ ցույց են տալիս, որ COVID-19 փոխանցումը վերահսկվում է,

 • առկա են անձանց հայտնաբերելու, մեկուսացնելու, թեստավորելու, նրանց հետ շփում ունեցածների հետքերը գտնելու և վերջիններիս կարանտինում պահելու համար անհրաժեշտ կարողությունները,

• բռնկման ռիսկերը նվազագույնի են հասցվում բարձր խոցելիություն ունեցողների շրջանում, մասնավորապես՝ տարեցների տներում, հոգեկան առողջության հաստատություններում և մարդաշատ բնակելի տարածքներում,

• աշխատավայրերում սահմանված են կանխարգելիչ միջոցառումներ, ներառյալ ֆիզիկական հեռավորության պահպանումը, ձեռքի լվացման միջոցների առկաայությունը և շնչառական վարվելակարգին տիրապետելը,

 • հնարավոր է կառավարել վարակի մուտք գործելու ռիսկերը,

• համայնքներն ունեն ձայն, տեղյակ և ներգրավված են, և իրենց մասնակցությունն են ապահովում անցումային փուլին:

Անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունն այդ չափանիշներն ապահովի նախքան հաջորդ փուլին անցնելը: Բացի այդ, կարևոր է, որ տեղաշարժը լինի աստիճանական՝ հաշվի առնելով նաև վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը, որը տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշներից է եղել:

Մայիսի 6-7-ը ԱՀԿ-ն Հայաստանում իրականացնում է եվրոպական տարածաշրջանում իր տեսակի մեջ առաջին, այսպես ասած, վիրտուալ առաքելությունը` որոշելու COVID-19-ին արձագանքելու առավելագույն արդյունավետ միջոցները, այդ թվում նաև՝ անցումային ժամանակահատվածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ