Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 10 է


19:24 , 7 մայիս, 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական: Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվական շտաբը։

«Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:

Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:

Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են»,- ասված է շտաբի գրառման մեջ: