Տիկին Դանիբեկյան, Դուք դեռ կարող եք Ձեր անունը ամրագրել արդարության համար մարտնչող դատավորների շարքում


12:19 , 7 մայիս, 2020

Բաց նամակ դատավոր Աննա Դանիբեկյանին

Հարգելի տիկին Դանիբեկյան,

Վաղը` մայիսի 8-ին, Դուք վերադառնալու եք նախագահ Քոչարյանի և մյուսների գործի քննությանը։

Ես քաջ գիտակցում եմ, որ Դուք այս գործով ուղղակի և անուղղակի ճնշումների եք ենթարկվում իշխանության կողմից:

Ստեղծված այս բարդ իրավիճակում Դուք պետք է պատասխանեք մեկ հարցի. ինչքա՞ն կմնա այս ապօրինի քայլերի դրդող իշխանությունը։ Մինչ օրս տպավորություն է, որ Դուք Ձեզ համոզել եք, որ իրենք երկար են մնալու, և դրանով իսկ պայմանավորված՝ անդադար մերժել եք պաշտպանության բոլոր միջնորդությունները։

Մի՞թե դեռ չեք հասկացել, որ այս իշխանության օրերը հաշված են, և պետության գլուխ գալու են իրոք պետականամետ այրեր, որոնց պետք կլինեն անաչառ դատավորներ, իսկ կամակատարները կկանգնեն դատարանի առջև: Մի դիտարկեք այս պնդումս իբրև սպառնալիք, այլ դիտարկեք այն որպես պարզապես մոտ ապագայի կանխատեսում։

Հենց այսօր է այն պահը, երբ Դուք պետք է գիտակցեք, որ Արցախը աճուրդի հանած իշխանությունը չունի ապագա պաշտոնավարման որևէ տարբերակ։ Չունի և չի ունենա։ Այս իշխանության բոլոր քայլերը միանգամայն ապացուցում են այն փաստը, որ իրենք եկել են մեր հայրենիքը կազմաքանդելու։ Դուք հայ եք և ուղակի չեք կարող ազգադավ գործընթացի մաս կազմել։ Մի՞թե դեռ գլխի չեք ընկել, որ նախագահ Քոչարյանին ամեն կերպ կալանքի տակ պահելը կապված է միմիայն Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման հետ։

Տիկին Դանիբեկյան, Դուք դեռ կարող եք Ձեր անունը ամրագրել արդարության համար մարտնչող դատավորների շարքում և տարիներ անց պարծենալ Ձեր այս որոշմամբ։
Կհանձնեք Արցախը, թե ոչ՝ որոշումը Ձերն է։

Արդարադատությունն այսպես թե այնպես կվերականգնվի, միակ հարցն այն է՝ արդյո՞ք Դուք կլինեք այն վերականգնողների շարքում, թե ոչ։