Շանհայի «Դիսնեյլենդ» զվարճանքների այգին երկուշաբթի իր դռները կբացի այցելուների առաջ


06:46 , 7 մայիս, 2020

Ամերիկյան Walt Disney ընկերության գլխավոր տնօրեն Բոբ Չափեքը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով իր գործունեությունը դադարեցրած Շանհայի «Դիսնեյլենդ» զվարճանքների թեմատիկ այգին երկուշաբթի կվերսկսի աշխատանքը, հայտնում է Daily Mail պարբերականը։

Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում գտնվող հիշյալ թեմատիկ այգին առաջինը կլինի կորոնավիրուսի համավարակից հետո վերաբացված Disney այգիների շարքում։

Չափեքի խոսքով՝ անվտանգության նկատառումներով նախնական շրջանում քիչ այցելու կընդունեն։ Միևնույն ժամանակ այցելուները ստիպված կլինեն հատուկ սահմանագծված տեղերում հերթ կանգնել, իսկ տոմսերը պետք է նախօրոք հատուկ օրերի ձեռք բերել։

Զվարճանքների կենտրոնը կհետևի չինական կառավարության ցուցումներին և այցելուներին նախքան այգի մտնելը կջերմաչափի, կօգտագործի նաև մարդկանց շփումներին հետևելու համար նախատեսված հավելվածը, մուտքի, յուրաքանչյուր ատրակցիոնի մոտ հասանելի կլինեն ախտահանիչ միջոցներ, խստացված ռեժիմով ախտահանում կիրականացվի, այցելուներին նաև դիմակներ կբաժանվեն։