Կոչ ենք անում իշխանություններին մայիսի 9-ից երկշաբաթյա ժամկետով խստացնել սահմանափակումները


16:14 , 6 մայիս, 2020

Մայիսի 4-ից սահմանափակումների մեղմացման հաջորդ օրերի դիտարկումները վկայում են քաղաքացիների և տնտեսվարողների կողմից հակահամաճարակային նորմերի զանգվածային խախտումների մասին։

Ցավով պետք է արձանագրենք նաև, որ նախքան սահմանափակումների վերացումն իշխանությունները չեն արել կամ մասնակիորեն ձախողել են մի շարք կարևոր նախապատրաստական միջոցառումներ, մասնավորապես․

Ա) Թեստավորումների քանակի էական աճ,
Բ) Ռեզերվային հիվանդանոցային բավարար մահճակալների ապահովում,
Գ) Մեկուսացման հնարավորությունների էական մեծացում,
Դ) Հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմանների սահմանում՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն,
Ե) Հանրային իրազեկման արշավ. հասարակության մի զգալի հատվածը չունի տարրական պատկերացումներ վիրուսի տարածման մեխանիզմների և դրա վտանգների մասին։
Զ) Սահմանված նորմերի խստիվ պահպանման և վերահսկման մեխանիզմների կիրառում, խախտման համար խոշոր տուգանքների սահմանում։

Վերը նշվածը, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով նոր դեպքերի թվի աճը՝ օրական 120-ից ավել (մայիսի 6-ին՝ արդեն 163), օրական մինչև 1000 թեստավորման պայմաններում, բուժաշխատողների շրջանում մեծ թվով հիվանդների առկայությունը վկայում են իրավիճակի պայթյունավտանգ լինելու մասին։

Այս պայմաններում կոչ ենք անում իշխանություններին մայիսի 9-ից երկշաբաթյա ժամկետով հրաժարվել սահմանափակումների թուլացման քաղաքականությունից, էապես խստացնել սահմանափակումները, այդ ժամանակահատվածում իրականացնել վերը նշված և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքներ և միայն դրանից հետո գնալ սահմանափակումների թուլացմանը։ Հանրային առողջությունը և ժողովրդի բարօրությունը չեն կարող լինել քաղաքական շահարկման կամ քաղաքական ամբիցիաների խնդիր։ Բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր մտահոգությունները, կոչ ենք անում իրենց հրապարակային ձայնով միանալ այս նախաձեռնությանը։

Վահե Հովհաննիսյան - «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Դավիթ Հարությունյան - «Լույս» Հիմնադրամ
Արմեն Գևորգյան - ՀՀ նախկին փոխվարչապետ
Էլինար Վարդանյան - «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Արփինե Հովհաննիսյան - «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ