Շարունակում է պահպանվել ընկալումը, որ նախարարն ու վարչապետը տարբեր երկրների տարբեր արտաքին քաղաքականություններ են վարում


18:43 , 4 մայիս, 2020

Այսօր ԱԺ-ում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մի քանի ուշագրավ հայտարարություն արեց.

- Նա առաջարկեց այս ողջ գործընթացն անվանել բանակցություններ․ «Ես հակված եմ ամենը կոչել բանակցություն, սա բանակցություն է այն առումով, որ կողմերը ներգրավված են այդ գործընթացի մեջ՝ աշխատելով այն բոլոր սկզբունքների շուրջ, որոնք արտահայտում են յուրաքանչյուրի դիրքորոշումը»: Առաջին անգամ չէ, որ նախարարն այս գործընթացն անվանում է իր անունով՝ բանակցություն, մինչդեռ վարչապետը հակված է խորհրդակցություն, կոնսուլտացիա, զրույց... ցանկացած ձևակերպման, որը չի ենթադրում պատասխանատվություն:

- Նա պնդում է, որ կա համազգային կոնսենսուս Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ, և այդ կոնսենսուսն իրեն ամուր է դարձնում բանակցային գործընթացում․ «Մեր ներգրավումը բանակցությունների մեջ հիմնված է մեկ կարևորագույն սկզբունքի վրա՝ համազգային կոնսենսուսի վրա, որ անվտանգային խնդիրները Ղարաբաղի առաջնային են, Հայաստանը եղել և մնում է միակ երաշխավորը, որ սպառնալիքի լեզուն ժխտված է, և որ ստատուսի և անվտանգության հարցերի շուրջ յուրաքանչյուր քննարկում հիմնված է մեկ կարևորագույն սկզբունքի վրա՝ այնպիսի համադրություն դիրքորոշումների, որտեղ մենք խստագույնս պահպանում ենք հիմա կամ ավելի երկար ժամանակի համար այն, ինչ որ առաջնային է»,- այսպես է նախարարը ձևակերպում այդ կոնսենսուսը: Այս հայտարարությունը, եթե մի կողմ թողնենք բովանդակությունը, հետաքրքիր է ինքնին այն փաստով, որ նախարարը համարում է, որ կոնսենսուս կա, մինչդեռ վարչապետը համոզված էր, որ կոնսենսուս չկա, և ժողովուրդն իրեն չի ասել՝ ինչի շուրջ բանակցի:

- Նախարարը չհերքեց, որ քննարկվում է փուլային կարգավորման տարբերակ, չասաց, որ Հայաստանի համար փուլային կարգավորման սկզբունքն անընդունելի է: Նրա կողմից ընդգծվեց մեկ պայման՝ զիջումների համադրելիությունն ու համաչափությունը: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, հենց այս ուղղությամբ է առաջ ընթանում:

Ընդհանուր առմամբ, կարևոր է, որ անդրադարձ կատարվեց Հայաստանի համար կարևոր հարցերին՝ կարգավիճակին, անվտանգությանը, անհամաչափ զիջումների անընդունելիությանը և այլն: Սակայն շարունակում է պահպանվել ընկալումը, որ նախարարն ու վարչապետը տարբեր երկրների տարբեր արտաքին քաղաքականություններ են վարում: