«Կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր են գրանցվել նաև Հայաստանում»․ Թորոսյան


13:07 , 4 մայիս, 2020

Բացառված չէ, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին կարող է կրկին վարակվել: Արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորից կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում ու Հարավային Կորեայում, դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, որը երկուսից երեք ամսվա ընթացքում ՊՇՌ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հայտնաբերվում է: Հայտնաբերման մեթոդը աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ մատերիալի վրա, որը կարող է լինել ապաակտիվ վիճակում` առանց պատյանի: Դա չի բազմանում ու չի արտազատվում»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ նույնիսկ դուրս գրվելուց հետո պետք է պահպանել անվտանգության կանոնները: