Տասնամյակում առաջին անգամ Հնդկաստանից տեսանելի են դարձել Հիմալայները. բնությունը շարունակում է մաքրվել


22:45 , 4 մայիս, 2020

Նոր կորոնավիրուսի համաճարակը հարվածներ է հասցնում աշխարհի բոլոր պետությունների տնտեսություններին, սոցիալական վիճակին, ինչպես նաև, բնականաբար, մարդկանց առողջությանն ու կյանքին: Կարանտինային սահմանափակումները, հարկադիր ինքնամեկուսացումը փողոցներից հավաքեցին տրանսպորտն ու քաղաքացիներին: Գործարանները դադարեցին աշխատելուց: Արդյունաբերական գործունեությունը կանգ առավ: Այս ամենը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ մեր մոլորակի բնության համար: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ օդն ավելի մաքուր է դառնում, իսկ կենդանիները վերադառնում են այնտեղ, որտեղ մենք նրանց վաղուց չենք տեսել:

Ուսումնասիրենք մի քանի թիվ, որոնք ներկայացրել է Աբդուլ իբն Ալ-Ատիայի անվան էներգիայի և կայուն զարգացման միջազգային ֆոնդը: Այսպես, Օսլոյի կլիմայի ուսումնասիրության միջազգային կենտրոնը նշել է, որ Չինաստանի տարածքի մեծ մասում փետրվար-մարտ ամիսներին օդի աղտոտվածությունը կրճատվել է 20-30%-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ: Եթե աղտոտվածության մակարդակը շարունակի որոշ ժամանակ ցածր մնալ, ապա միայն Չինաստանում կկանխվի 50,000-100,000 մարդու վաղ մահացության դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում օդի աղտոտվածության պատճառով տարեկան մահանում է մոտ 7 միլիոն մարդ: Շնորհիվ համաճարակի՝ բնապահպանական ու առողջապահական կազմակերպությունները հնարավորություն կստանան գործնականում գնահատելու մարդու ազդեցությունը բնության վրա: Անգամ Անտարկտիդայի պինգվինները «ազատ շունչ են քաշել», երբ այս տարի իրենց բնակավայրերում չեն հայտնվել կրուիզներ ու ուսումնասիրող արշավախմբեր:

Հնդկաստանից հայտնում են, որ տասնամյակում առաջին անգամ կարողացել են տեսնել Հիմալայները: Կարանտինն ու դրա հետևանքով մաքրված օդը թույլ են տվել նկատել հսկայական Հիմալայները հնդկական հյուսիսային նահանգ Փենջաբում: Նույն իրավիճակն է նաև Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում ու խոշոր քաղաքներում: Արգոնայի ազգային լաբորատորիայի մասնագետները հայտնել են, որ Նյու Յորքում օդի աղտոտվածության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 50%-ով:

Համաձայն IQAir-ի տվյալների՝ Լոս Անջելեսը, որը, որպես կանոն, ԱՄՆ-ում ամենավատ որակի օդն ունի, վերածվել է ամենամաքուր քաղաքներից մեկի՝ համեմատած երկրի մյուս խոշոր քաղաքների հետ: Ցավալին այն է, որ համաճարակի ավարտից հետո այս ամենը ևս կդադարի: Հիմալայները կծածկվեն ծխով, և այս մաքրությունը միայն մեր հիշողությունների մեջ կմնա: