Քանդված տնտեսություն և վտանգված հանրային առողջություն


02:00 , 4 մայիս, 2020

Կառավարության կողմից ընդունած սոցիալ-տնտեսական միջոցառումները, բացի ոչ արդյունավետ լինելուց, պարունակում են բազմաթիվ թերություններ։ Այդ միջոցառումներից չեն կարողանում օգտվել մարդիկ, ովքեր համապատասխանում են պայմաններին, օգտվում են մարդիկ, ովքեր չեն համապատասխանում, երեխաներ կան, որոնք չեն հայտնաբերվում համակարգում, աշխատակիցները չեն կարողանում նույնականացվել, չի ստացվում պարզել, թե ով որ ոլորտում է աշխատում և այսպես շարունակ: Վերոնշյալ խնդիրները կապված են, մեղմ ասած, թերի, փնթի տվյալների բազա ունենալու հետ:

Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարը միայն դեկտեմբերին ստացել է մոտ 8 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ և պարգևավճար, այդ գումարով հնարավոր կլիներ եթե ոչ ամբողջական, գոնե զգալիորեն բարելավել ՀՀ բնակչության տվյալների բազան, և այսօր նախնադարյան կարգերին հատուկ՝ օգնության կարիք ունեցող հարևաններին հայտնաբերելու կոչ չէր անի Նիկոլ Փաշինյանը:

Մյուս խնդիրը սպասվելիք գնաճն է։ Եթե այսօր միայն միրգ-բանջարեղենն է թանկացել նախորդ տարվա համեմատ, որոշ ապրանքատեսակներ էլ՝ ձու, միս, մի փոքր էժանացել են, դա չի նշանակում, որ ընդհանուր գնաճ չի սպասվում: ԿԲ-ի կողմից ուշացած, թերի և սխալ որոշումների ընդունման արդյունքում լինելու է կտրուկ գնաճ: Վստահություն չկա, որ կարվեն ճիշտ և ժամանակին քայլեր:

Առողջապահական ոլորտն արդեն անհույս է, քանի որ փաստացի այսօր պարզ դարձավ՝ «ձեռքերը լվանում են» բառի բուն և փոխաբերական իմաստով, լավ կլինի, եթե կարողանան հնարավորինս կանխել մահերը, հուսանք՝ գոնե դա կկարողանան:

Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարդարացված պարգևավճարներ տալու, պոպուլիստական կոչեր հնչեցնելու քաղաքականությունը․ պետբյուջեն մսխվում է, տնտեսությունը՝ քանդվում, հանրային առողջությունն էլ՝ վտանգվում: