Կորոնավիրուսի՝ լայն թափով տարածման պայմաններում որոշվել է մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները


16:30 , 2 մայիս, 2020

Հայտարարություն

Վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի վարակիրների թվի սրընթաց աճ՝ 596 նոր վարակակիր՝ 167 դեպքով ավել, քան նախորդող շաբաթ, վերջին 14 օրվա ընթացքում էլ գրանցվել է 13 կորոնավիրուսային մահ:

Հայաստանում կորոնավիրուսի կայծակնային տարածման պատճառն ի սկզբանե իշխանության անլուրջ, անփույթ և անպատասխանատու վերաբերմունքն էր, ապա՝ արտակարգ դրություն մտցնելուց հետո, ապաշնորհ կառավարմամբ պայմանավորված, սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողություն սահմանելու անկարողությունը, ինչի հետևանքով ոչ միայն չկանխարգելվեց կորոնավիրուսի տարածումը, այլ հակառակը՝ ավելի լայն թափով տարածվեց:

Մոտ երկու ամիս տևած ձևական կարանտինի ընթացքում իշխանությունը չկարողացավ պատշաճ հսկողություն իրականացնել սահմանափակումների պահպանման նկատմամբ, չպահպանվեց ո՛չ մեկուսացման, ո՛չ ինքնամեկուսացման ռեժիմը՝ հանգեցնելով ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ առողջապահական լուրջ խնդիրների:

Կորոնավիրուսի՝ լայն թափով տարածման պայմաններում որոշվել է մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները, ինչի արդյունքում հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը: