Կորոնավիրուսակիրների թվի աճը կապված է կարանտինային ռեժիմի խախտումների և թեստավորման ծավալների մեծացման հետ. Ալեքսանդր Բազարչյան (Video)


16:52 , 30 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսային հիվանդացության աճը հետևանք է այն բանի, որ մեր քաղաքացիները վերջին օրերին շատ են շփվել միմյանց հետ և վարակել իրար, կարևոր է նաև թեստավորման ծավալների աճը. այս փուլի ամբողջական տվյալներն ստանալու համար պետք է սպասել առաջիկա մեկ շաբաթվա ամենօրյա ցուցանիշներին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

«Ամբողջ աշխարհում դիտվում է հոգնածություն այս թեմայից: Մարդիկ սովոր են եղել իրար հյուր գնալ, ռեստորաններ ու սրճարաններ այցելել: Որևէ մեկը չի կարող հստակորեն ասել՝ երբ կավարտվի այս համավարակը, երբ կվերադառնանք նախկին կյանքին: Եթե թվերն աճեն, կարող է առաջարկվել, որ կարանտինի գործիքներն ուժեղացվեն, և անցնենք ավելի կոշտ կարանտինի»,- ասել է բժիշկը:

Ըստ Բազարչյանի՝ բժիշկներն այսօր հիմնական ռիսկը վերցնում են իրենց վրա և ամենախոցելին են, ընդ որում՝ ռիսկի գոտում են նաև այն բժիշկները, որոնք կորոնավիրուսային հիվանդանոցներում չեն աշխատում. «Օրինակ, Իտալիայում մեծ հարված կրեցին ընտանեկան բժիշկները: Նրանց վարակեցին իրենց պացիենտները, որոնք տեղյակ չէին, որ վարակակիր են, բժիշկներն էլ վարակեցին այլ պացիենտների: Իտալիան նաև այդ պատճառով լուրջ առողջապահական հարված կրեց»:

Բժշկի կարծիքով՝ այսօր ամենամեծ ռիսկի գոտում են նմուշառողներն ու ռեանիմատոլոգները. «Յուրաքանչյուր բժիշկ այսօր ռիսկի է ենթարկում իրեն: Սա նոր պատերազմ է, միգուցե Երրորդ համաշխարհային պատերազմը, և առաջնագծում բժիշկներն են: Պետք են ուսումնական ծրագրեր հասարակության, հիմնարկ-ձեռնարկությունների համար, թե ինչպես պահպանել անվտանգության կանոննները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ