«Ռեկորդային վատ թիվ ենք ունեցել. դեռ 5-6 օր կկարողանանք էս տեմպով ձգել, հետո կանցնենք մյուս սցենարին». Թորոսյան (Video)


11:57 , 30 ապրիլ, 2020

Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել. 134 նոր դեպք: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հավելեց, որ ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2066-ի, բուժվել է 29 քաղաքացի: Այս պահին բուժվում է 1103 քաղաքացի:

«Դժբախտաբար, ունեցել ենք մահվան երկու դեպք, մահվան դեպքերի թիվը հասել է 32-ի: Արհեստական շնչառական սարքերի վրա ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է 17, ծանր վիճակում է 59 պացիենտ:

Իրադարձությունների այս սցենարի դեպքում մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ կամ շատ թեթեւ վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ կփորձեն ձգել այդ օրը, քանի որ դա բերելու է հիվանդության հետագա  տարածման. «Ենթադրում եմ, որ դեռ 5-6 օր կկարողանանք էս տեմպով ձգել: Այս 134 քաղաքացիների մեջ եղել են շատ փոխկապակցված անձինք, այսինքն՝ չենք կարող վստահաբար ասել, որ այսօր էլ այդքան քաղաքացի կլինի: Միայն մի դեպք ունենք, երբ հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել, եւ այլ անձինք են վարակվել»: