Մարդը, ում ընտանիքը, աղջիկը, «Մեխակներս ո՞ւմ նվիրեմ» ռաբիս լսելով, ինքն իրենով հիանում է, խոսում է նոր քաղաքակրթական մակարդակից


15:04 , 27 ապրիլ, 2020

Ապրիլի 24-ի միջոցառումների, հատկապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց երթն արգելելու հետ կապված քաղաքական դաշտում, ըստ էության, ոչ ոք մեղադրանքի ոչ մի խոսք չհնչեցրեց Փաշինյանի ու նրա կառավարության հասցեին։ Բոլորը տեսնում էին վերջիններիս ապիկարությունն ու կայացված մի շարք, մեղմ ասած, վիճելի որոշումները, բայց լռում էին, դրության մեջ էին մտնում, հասկանում էին, որ արտակարգ դրություն է, կարող են նաև թերացումներ լինել։ Կրկնում եմ՝ խոսքը քաղաքական դաշտի մասին է։ Ժողովուրդը շատ դժգոհեց և ճիշտ արեց։

Բայց հարցը դա չէ։ Քիչ առաջ Նիկոլի՝ այսօրվա լայվն էի նայում։ Էն որ ասում էր, թե քաղաքակրթական նոր մակարդակի են բարձրացրել Ապրիլի 24-ի միջոցառումները։ Էն, որ բողոքում էր «արևածաղի չրթելով» հուշահամալիր գնացողներից։ Էն, որ դժգոհում էր,փողոցներն աղտոտող ծաղիկ վաճառողներից, ինչ-որ «ատկատներից» և այլն։ Կարծում եմ՝ շատերդ եք տեսել վարչապետի այդ տեսաուղերձը, երևի նաև նողկացել, թե ով է խոսում քաղաքակրթական նոր մակարդակից։ Մարդ, ում ընտանիքը, հարազատ աղջիկը, «Մեխակներս ո՞ւմ նվիրեմ» հայտնի ռաբիս լսելով, ինքն իրենով հիանում և հետո այդ ամենի ձայնագրությունը համացանցում է տեղադրում։ Դե արի ու մի ասա՝ գնա տնեցիքիդ ու քո մակարդակը բարձրացրու, այ կեղծ ու սրբապիղծ արարած։

Ուրեմն, եթե մարդիկ լռում են, չեն ուզում մեր սուրբ նահատակների հիշատակի օրն ավել մի բառ ասել, դա իշխանության կողմից որպես փիառվելու, ողջ ժողովրդին ու քաղաքական հակառակորդներին սևացնելու առի՞թ է ընկալվում։ Բա չե՞ն մտածում, որ իրենց ասած ամեն մի խոսքին տասը պատասխան կա։ Ու բոլորը էն մասին, թե որքան ինքնահավան, ստոր ու ապիկար են այս իշխանությունները։ Սա ի՞նչ բան է։ Որքա՞ն կարելի է հանդուրժել այս տգիտությունը։