ԱՄՆ-ն հաղթեց. Facebook-ը 5 մլրդ դոլար տուգանք կվճարի


03:40 , 27 ապրիլ, 2020
ԱՄՆ դաշնային առևտրային կոմիտեն հաղթել է Facebook ընկերության դեմ դատական գործը. սոցցանցը տնօրինող ընկերությունը 5 միլիարդ դոլար տուգանք պետք է վճարի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, որ նման խիստ պատիժ նախաձեռնելու պատճառ սոցցանցի ու Cambridge Analytica ընկերության համագործակցության ժամանակ թույլ տրված խախտումներն են եղել։

Սոցցանցը մասնավոր ընկերությանը փաստացի հնարավորություն էր տվել օգտվել օգտվողների անձնական տվյալների իր բազայից։ Մասնավոր ընկերության համար բացվել էր 87 միլիոն մարդու անձնական տվյալ։ Դրանք, հավանաբար, եղել են չանձնավորված, սակայն դա ընկերություններին չի ազատել պատասխանատվությունից։ Կասկած կա, որ այդ բազայից մասնավոր ընկերության միջոցով օգտվել է նաև ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը, երբ քաղաքական գովազդի արշավներ է իրականացրել։

Թեև սոցցանցի ղեկավարությունը և մասնավոր ընկերությունը զղջացել էին այդ բացթողման համար, սակայն այդպես էլ չեն ազատվել պատասխանատվությունից։

Պետական կոմիտեի ղեկավարը նշել է, որ գոհ են դատական գործի արդյունքներից, ինչի շնորհիվ իրենք կարողացել են հաստատել կոմիտեի պատմության մեջ ամենամեծ դրամական տուգանքը։ Այն իր մեծությամբ երկրորդն է ԱՄՆ-ում երբևէ նշանակված տուգանքների թվում։