Եթե ես ժամանակին չբնակվեի Պարոնյան փողոցում ու իմ աչքով չտեսնեի`ոնց են մարտի 1-ի «խաղաղ» ցուցարարները վառում ոստիկաններին, գուցե և հիմա հավատայի քարոզիչների ասածներին


15:52 , 25 ապրիլ, 2020

Մինասյան Միքայելը շատ արդիական թեմայով մի հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է պատմության դեմիֆականացման անհրաժեշտության մասին: Կոպիտ ասած` ճշտի համար պայքարի մասին մի հոդված է: Չշարադրեմ իր մտքերը, դուք կարդացեք: Հոդվածը լավն է ու սխալ: Լավ է նրանով, որ հստակ ուրվագծում է մեր հասարակության հիմնարար միֆերն ու սխալ է, քանի որ թերի է ներկայացնում ներկայիս իրավիճակը:

Մինասյանը պնդում է, որ Փաշինյանի օրոք վերոհիշյալ միֆերը հոդս են ցնդում: Այս պնդումն անշուշտ ունի որոշակի հիմքեր և հենց դա էր պատճառը, որ ես իր իշխանավարումը հռչակեցի արդար ու շատ օգտակար: Այնուամենայնիվ կարծում եմ հիմա հարմար պահ է այդ տեսության մեջ որոշակի շտկումներ մտցնելու: Ապամիֆականացումն ինքնաբերաբար չի կարող տեղի ունենալ:

Միֆը շատ հին ու շատ արդյունավետ գործիք է մարդու վարքագիծը կառավարելու համար: Քանի որ մարդկանց մոտ բնազդային եսասիրություն կա, նրանք հակված են մտածել, որ նրանք ունակ են մտածել: Իրականում իհարկե մարդը չի կարող մտածել, նման ֆունկցիա մեր մարմինը չունի, այն ունի մտաբերելու ֆունկցիա, բայց ոչ մտածելու: Մենք ունենք ուղեղ, որն ըստ էության պարզապես հիշողության կրիչ է: Ուղեղը շատ բարդ ու ոչ արդյունավետ կրիչ է, քանի որ իր մեջ հեշտությամբ կարելի է տեղադրել հիշողություններ, որոնք իրականում տեղի չեն ունեցել: Կան բազմաթիվ հոգեբանական գործիքներ, որոնք միտված են մարդկանց հավաստիացնել, որ նրանք տեսել են կամ գիտեն ինչոր բան, որը իրականում տեղի չի ունեցել: Երբ որ մարդը մտածում է, օրինակ` Մարտի 1-ի մասին, նա իրականում հիշում է այն ամենը, ինչ իրեն ասել են ու ցույց են տվել: Եթե մարդուն անընդհատ ասես, որ Մարտի 1-ին խաղաղ ցուցարարները ընդվզում էին կեղծված ընտրությունների դեմ, ինչի համար էլ գնդակահարվեցին, մարդը մտածելու է, որ հենց այդպես էլ եղել է ու այդ եղելությունն իր մեջ որպես հիշողություն է տպավորվելու:

Օրինակ, եթե ես ժամանակին չբնակվեի Պարոնյան փողոցում ու իմ աչքով չտեսնեի` ոնց են «խաղաղ» ցուցարարները բառացիորեն վառում ոստիկաններին, գուցե և հիմա հավատայի քարոզիչների ասածներին: Խնդիրը նրանում է, որ ես իմ աչքով տեսածով հանդերձ նույն կարգավիճակում եմ, ինչ նա, ով իր աչքով չի տեսել, բայց լսել է ուրիշից: Երկուսիս մոտ էլ հիշողություն է: Ես հիշում եմ, որ իմ շրջապատում չկար գեթ մեկ մարդ, ով Լևոն Տեր-Պետրոսյանին քֆուր չէր անում: Ասեմ ավելին, ես հիշում եմ, որ նույնիսկ ցույցերի մասնակիցներն էին քրֆում Լևոնին: Նույնիսկ ինքը` Լևոնը, հասկանալով ինչքան են իրեն ատում, ասում էր, որ նա ընդամենը գործիք է, որ մարդիկ հուշտ չլնեն իր իշխանության գալու փաստից: Տարիներ անց ցույցերի հիմնական սադրիչ Փաշինյանը պնդեց, որ Տեր-Պետրոսյանը չարիք էր: Ու ոչ մեկ դա չէր վիճարկում, նա չարիք էր, որի շուրջ ահագին մարդ էր հավաքվել: Էդ մարդկանց մեծ մասին մի շատ յուրահատուկ կառույց էր միավորում, բայց էդ էս դեպքում էական չէ: Ես հիշում եմ` ոնց էին շուխուր գցել, որ ոստիկանները միտումնավոր վրաերթի են ենթարկել հղի կնոջը երեխայի հետ: Հիշում եմ, որ նույնիսկ այդ հորինված երեխայի կոշիկն էին ցույց տալիս: Ես հիշում եմ նաև ոնց էին խաղաղ ցուցարարներն ավտոմատներով կրակում իրավապահների ուղղությամբ, ոնց էին ոստիկաններին տասնյակներով շտապօգնություն տանում: Ես հիշում եմ, որ ինչոր կենդանու ծնոտ էին գցել ասֆալտի վրա, արյուն էին ավելացրել, նկարել ու ներկայացնում էին դա որպես մարդու ծնոտ: Ես հիշում եմ, որ մինչև ուշ գիշեր ոստիկան վառող երիտասարդները մոլոտովի կոկտեյլներով փորձում էին ռազմական մեքենաներ այրել, այդ թվում նաև ԲՏՌ-ներ: Ես հիշում եմ, որ ընտրակեղծարարության մասին այդպես էլ որևէ լուրջ փաստարկներ մինչ օրս չեն ներկայացվել: Ես հիշում եմ, որ Մարտի 1-ից հետո Տեր-Պետրոսյանը իրենից գոհ, հեռացավ թատերաբեմից, գիտակցելով, որ նա իր առաքելությունը կատարել է:

Բայց լիքը մարդ կա, որ այս ամենը չի հիշում, որովհետև այդ հիշողության փոխարեն իրենց մեջ այլ հիշողություն են դրել: Ինչքան ես եմ իմ հիշողության վրա վստահ, էդքան էլ իրենք: Ու հիմա, երբ Մարտի 1-ի իբր թե բացահայտված գործը ակնհայտորեն փակուղում է, մարդիկ ոչ թե մտածելու են, որ իրենց «հիշողությունները» կեղծ էին, ալյ ենթադրելու են, որ դատախազը կամ դատավորը ապիկար էր, կամ ծախված, կամ նման մի բան: Ընդ որում, այս թեզերը նույնպես դառնալու են հիշողություն, որի հիման վրա ձևավորվելու են հերթական միֆերը, օրինակ, որ պարզվեց Նիկոլը Քոչարյանի մարդն էր...

Հիշողությունը, անկախ նրանից այն կեղծ է, թե իրական, հնարավոր է ուղեղից ջնջել միայն շոկային թերապիայով: Ապամիֆականացման ճանապարհն անցնում է միայն շոկային թերապիայի միջով, այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհը պատրանք է... կամ միֆ, եթե կուզեք: Այս իշխանությունը շատ օգտակար է, ոչ թե միֆերը ինքնաբերաբար ցրելու համար, այլ շոկային թերապիա իրականացնելու համար:

Բռնում, մտնում ես լայվ, պայմանական քայլառաստին նստացնում ես աթոռին ու ցույց տալիս, ոնց ա «խաղաղ» ցուցարարը կրակում ոստիկանների վրա ու հարցնում ես՝ արդյո՞ք այս ցուցարարը խաղաղ է: Եթե ասեց` այո´, տոկ ես տալիս: Էնքան տոկ, ինչքան պետք ա: Էս մեթոդի լավն այն է, որ այն տոկի է տալիս համ ուղղակի, համ անուղղակի բոլոր նրանց, ովքեր դա դիտում են:

Հ.Գ. ուղեղ կա կարում ա իր հիշողությունները հարցի տակ դնել, կա, որ չի կարում: Կարեցողները վաղուց միֆերից զերծ են: Մի միֆ էլ կրիտիկական մտածելակերպն է: