Ինչպես է Լենա Նազարյանը կեղծում իրականությունը՝ թաքցնելով սեփական ձախողումները


15:09 , 24 ապրիլ, 2020

Այսօր համայն հայությունը ոգեկոչում է Մեծ եղեռնի զոհերի 105-րդ տարելիցը՝ բոլորիս միավորելով մեկ գաղափարի շուրջ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, գործող իշխանություններն այդպես չեն մտածում։ Հայոց մեծ եղեռնի 105-րդ տարելիցից մեկ օր առաջ իր անտրամաբանական և փորլուծության հետևանքներ հիշեցնող մտքերով հայտնի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր facebook-յան էջում գրառում է կատարել և իրենց իշխանության աշխատանքի արդյունք է ներկայացրել վերջին երկու տարում տարբեր երկրներում Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևերի և օրինագծերի ընդունումը։ Սա Փաշինյանի թիմակցի քաղաքական անբարոյականության ցայտուն դրսևորումներից է։

Հետաքրքիր է, ինչպես է Նազարյան Լենան բացահայտել, որ 2019 թ․-ի ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրն իրենց իշխանության ջանքերի շնորհիվ է։ Այդպես մտածողը պրիմիտիվ տգետ է։ Նախ՝ դա Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների ջանքերի և ՀՀ բոլոր իշխանությունների երկար տարիների աշխատանքի արդյունք է։ Նույնն էլ Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է։ Կարո՞ղ է տիկին Նազարյանն իրենց թիմակիցների անունները տալ, ովքեր մեծ լումա ունեն վերը նշված գործընթացների մեջ։ Չի կարող, քանի որ այդպիսիք գոյություն չունեն։

Տարրական տգիտություն է Նազարյան Լենայի այն պնդումը, որ 2019 թ․-ի հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, իսկ դեկտեմբերի 12-ին՝ ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերը, ինչպես նաև 2020 թ․-ի փետրվարին Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Փաշինյանի իշխանության շնորհիվ են տեղի ունեցել։ Մեկը չկա՞՝ տիկնոջը բացատրի, որ այդ ամենը զուտ Վաշինգտոն-Անկարա և Դամասկոս-Անկարա հարաբերությունների ծայրաստիճան լարման արդյունք է և որևէ կապ չունի ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքի արդյունավետության հետ։ Ավելին` տիկին Նազարյանին ցանկանում եմ իրենց արտաքին քաղաքականության տապալումների և Փաշինյանի ընկերների հակահայկական քայլերի մասին հիշեցնել, որոնք հիմնականում կապ ունեն մեր ԱԳՆ-ի և իրենց իշխանության անգործության հետ։
Դրանք են՝ ֆրանսիական դատարանների կողմից ընդունված քաղաքական որոշումները, որոնցով չեղարկվեցին Ֆրանսիայի և Արցախի բազմաթիվ քաղաքների միջև ստորագրված համագործակցության պայմանագրերը։ Արցախում վերջերս տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Բաքվի ջանքերի շնորհիվ հակահայկական հայտարարություններով հանդես եկան Փաշինյանի ընկերների կողմից ղեկավարվող երկրները՝ Կանադան, Վրաստանը և Ուկրաինան։ Փաշինյանին համակրող Զելենսկու փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը մարտի 26-ին պետական մարմիններին ուղղված նամակում ցուցումներ է տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին չմասնակցել, իսկ մասնակցելուց էլ «Հայոց ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու մասին։

Ինչո՞ւ Փաշինյանի ԱԳՆ-ն չի արձագանքում Բոնդարի այս լկտի դեմարշին, թե՞ այդքան դուխ չունի։

Հ.Գ. ԱԺ փոխխոսնակի անամոթ այս գրառումը ցույց է տալիս, որ Փաշինյանը և նրա թիմակիցները պատրաստ են ամեն տեսակ էժանագին կեղծիքների՝ իրենց չարածն իրենց վերագրելու համար՝ միևնույն ժամանակ սեփական ձախողումների մասին գերադասելով լռել։