Անուղղելի ստախոսությունը շարունակվում է


17:11 , 23 ապրիլ, 2020

Աժ “Իմ քայլը” փակ բաժնետիրական խմբակցության պատգամավորների տարածած անհեթեթությունների պարտիային միացավ նաև ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները։

Լավրովի կողմից հայտարարված 2019թ.-ին համաձայնեցված փուլային լուծման մասին արտահայտությունը, պարզվում է, այդքան էլ չի մտահոգել ձեզ: Փաստորեն, ձեր գերխնդիրն այն է, որ այս հարցում էլ անուղղակի մեղավոր համարեք նախկին իշխանություններին: Ու այսքանից հետո, հանուն ընդհանուր շահի, մենք էլ մտածում ենք արցախյան հարցում իշխանություններին օգտակար լինելու մասին:

Երբ արտաքին քաղաքականության կարևորագույն հարց համարվող արցախյան բանակցային գործընթացն էլ եք փորձում ծառայեցնել էժանագին քաղաքական շահերին, արդեն հետևություններն առավել քան տխուր են դառնում:

Իսկ հետաքրքիր է, ո՞ւմ համար է նախատեսված ձեր ամենօրյա դարձած սուտը: Մեզ չեք խաբի, քանի որ մենք լավ գիտենք, թե ինչն ենք բանակցել և ինչը ոչ: Լավրովին չեք խաբի, քանի, որ նա և ԵԱՀԿ մյուս համանախագահող երկրները լավ գիտեն, թե ձեզ հետ երբ և ինչ են պայմանավորվել, ու ամենայն հավանականությամբ, 2019թ. Լավրովը պատահական չի նշել: Վստահ եմ՝ քաղաքականությունն էլ են լավ հասկանում, արցախյան բանակցություններն էլ են լավ պատկերացնում: Մնում է, որ դրանով խաբեք Հայաստանի և Արցախի քաղաքացիներին: Դա՞ է ձեր պատկերացրած արտաքին քաղաքականությունը: